Խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողական զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մենաշնորհների վերացման մասին երբ վարչապետը խոսում է, իսկապե՞ս գտնում է, որ 78 տոկոս մասնաբաժին ունենալը շաքարավազի շուկայում մենաշնորհ չէ: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, կարծում եմ, որ գերիշխող է եւ մենաշնորհի նման է, բայց մի քանի ամսում է եղել այդ փոփոխությունը: Շաքարավազի շուկայում 75 տնտեսվարող այսօր ՀՀ շաքարավազ է ներկրում: Հիմա պարզ է, որ էն մենաշնորհ ունեցող ընկերությունը որոշակի առավելություն ունի: Մենք ընտրություն ունենք՝ գնանք, մտնենք էդ ընկերություն, տանք, ջարդուփշո՞ւր անենք, թե՞ մենք այնպես անենք, որ ինքը շուկայում, շարունակի գործել, բայց իր ունեցած առավելությունից զրկվի ու գա հավասար դաշտ, աշխատի եւ հարկեր վճարի, որով մենք զինվորի ու ուսուցչի աշխատավարձը բարձրացնենք: Լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը, ես ուզեցի ցույց տալ դինամիկան՝ 10 ամսվա մեջ 75 տնտեսվարող է մտել շուկա, դա նշանակում է, որ փոխվելու է: Չնայած մենաշնորհային ընկերությունը փորձելու է պահպանել, բայց այս դեպքում ինքը քաղաքական աջակցություն չի ունենալու 100 տոկոսով: Բայց ինքը կարող է գնալ, օրինակ, ես այդպիսի երեւույթներ նկատել եմ, կան ընկերություններ, որոնք էդ շուկայում հավակնություններ ունեին մրցակցություն ունենալու, մենաշնորհի տերը գնացել է 50% -ով փայ է մտել էդ ընկերության հետ՝ ոչ կռվով, ոչ սպեցնազով: Գնացել փողը տվել է գնից էլ կրկնակի ավել: Ես վատ եմ գնահատում էդ երեւույթը եւ էդ սեփականատիրոջ հետ խոսակցության ժամանակ ասել եմ, ասել եմ՝ փաստորեն դա ընդամենը ձեւ էր, որ դուք մտնեք շուկա եւ երկու կոպեկ ավել փող աշխատեք»:
Փաշինյանն ասաց, որ այդուհանդերձ, ինքը չի ուզում միջամտել շուկային:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մինչեւ այն ատեն որ չյաջողիք – նոր իշխանաւորներ – երկիրը տեղից շարժել, այժմու ճահճացման ընթացքից դուրս հանել, այդ հին վատ սովորոյթները բացայայտելը ողջ միայն անիմաստ են, այլ շուտով մարդոց մտածել պիտի տան թէ՝ այդ վատ սովորոյթները ձեւով մը նախընտրելի էին, քանզի գոնէ այդ ձեւով տնտեսութիւնն ու երկրի կերտումը չէին ամբողջովին սառած, քարացած: Այսինքն, ոչինչէն լաւ էր, կամ՝ աւելի վատից նուազ վատ էր: