Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բաղդասարյան. «Ասացինք՝ սենց չի լինի, կլասիկ խոշտանգում է գնում, դու դանդաղ մահանում ես»

Մարտ 27,2019 16:58

«Մանվել Գրիգորյանը ստացիոնար հիվանդանոցում համալիր ստուգում է անցնում ու դեղորայք ստանում»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Փաստաբանն, ինչպես եւ նախկինում էր ասում, այսօր էլ պնդեց՝ Գրիգորյանի նկատմամբ ընտրովի արդարադատություն է իրականացվում: Բարսեղյանը հիշեցրեց ընդդեմ Գրիգորյանի բողոքի ցույցերը. «Գրիգորյանի գործով եղավ փողոցային արդարադատություն, ու նրան տարան կալանավայր: Եվ որպեսզի կարողանային տանել կալանավայր, անհրաժեշտ էր ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է երեւար, որ իր հիվանդությունները համարժեք են, որպեսզի գտնվի կալանավայրում: Ինչ արեց պետությունը՝ վարույթ իրականացնող մարմինը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը տվեց կրավորական եզրակացություն՝ ունի բազմաթիվ ծանր հիվանդություններ, կյանքին վտանգ չի սպառնում, կարող է գտնվել կալանքի տակ, բայց կարող է նաեւ կյանքին սպառնալ: Ու զավեշտն այն է, որ առողջապահության փոխնախարարը ստորագրեց: Այն փոխնախարարը, որը վարչապետի հրամանով դեկտեմբերին արդեն ազատվել էր պաշտոնից: Հունվարին էր ստորագրել, նա փոխնախարար չէր արդեն: Այս մասին հայտարարել ենք, բայց ոչ մեկին չի հետաքրքրում»:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ Գրիգորյանի գործով դիմել են ՄԻԵԴ, որտեղից իրենց արագ արձագանքեցին: «Բարձրաձայնեցինք խոշտանգման մասին ու պետական մարմինը չարձագանքեց: Հետո ուղղակի պատասխանատվություն է կրելու Հայաստանի հանրապետությունը»:

Փաստաբանի պատմելով՝ երբ Գրիգորյանին ձերբակալեցին, հետո կալանավորեցին, նա ուներ որոշ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարախտ. «Դեղորայք էր խմում, բայց ոչ ինսուլին: Արյան մեջ գլյուկոզան 6, 7, 8 էր, ոչ ավել: 3 ամիս հետո բժիշկները բարձրաձայնեցին, որ բացասական դինամիկա կա հիվանդությունների հետ կապված: Ցուցում տվեցին, որ որոշակի չափաքանակով ինսուլին ստանա: Մենք այս մասին էլ բարձրաձայնեցինք: Անցավ եւս 2-3 ամիս, բժիշկները ահազանգեցին՝ գլյուկոզան դարձել է 25-30, պետք է ինսուլինը ավելացնել: Այսօր անձը ստանում է 100 միավոր ինսուլին: Միջազգային նորմայով ՝ 50-ից բարձրի դեպքում կյանքին վտանգ է սպառնում: Նախ, երբ իմ պաշտպանյալին ասացինք, որ ուզում ենք ՄԻԵԴ դիմել, արգելեց, թե Հայաստանին դատի չեմ տա: Մենք էլ հիվանդությունների հետ կապված ասացինք՝ սենց չի լինի, կլասիկ խոշտանգում է գնում, դու դանդաղ մահանում ես: Ու դիմեցինք եվրոպական դատարան: Արագ արձագանքեցին»:

Փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ի պահանջած բոլոր փաստաթղթերն արդեն ուղարկել են: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ ապրիլի 2-ը ՀՀ-ին ժամանակ է տվել, որպեսզի իրենց փաստարկներն ուղարկեն. «Դրանից հետո էլ մենք կառավարության փաստարկները կամ կընդունենք որպես ի գիտություն կամ էլ առարկություններ կներկայացնենք: Ցավոք, պետական լիազոր մարմինների անգործության եւ հանցավոր անտարբերության պատճառով, վաղը պատասխանատվությունը կրելու է Հայաստանի հանրապետությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031