ԵՊԼՀ հանրային կապերի և լրատվության բաժնի զրուցակիցը ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանն է:
– Վերջերս Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի (USN – University of South-Eastern Norway ) հրավերով գործուղվել էիք Օսլո՝ մասնակցելու «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի «Օտարերկյա ուսանողների ընդունելության լավագույն փորձի մշակման» աշխատանքային խմբի հանդիպմանը: Որքանո՞վ էր այցն արդյունավետ և հեռանկարային Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի համար:
– Նորվեգիա կատարած այցի շրջանակներում մենք հանդիպումներ ունեցանք Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության (NOKUT) ներկայացուցիչների հետ, որտեղ իրենք ներկայացրեցին Նորվեգիայի բարձրագույն կրթական համակարգը, գործակալության կառուցվածքը և գործառույթները, ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը, որակավորումների ճանաչման, այդ թվում փախստականների որակավորումների ճանաչման և դրա արդյունքում շնորհվող վկայականների տրամադրման գործընթացը:
Վերջինս շատ կարևոր է, քանի որ այսօր էլ ՀՀ բուհերը ընդունում են բազմաթիվ ուսանողներ՝ հատկապես Սիրիայից, որոնք կա՛մ չունեն ավարտական փաստաթղթեր, կա՛մ դրանք լիարժեք չեն, և հնարավոր չէ հասկանալ, թե ինչ նախընթաց կրթություն է ստացել համապատասխան դիմորդը: Այս գործիքակազմի մշակումը, որը մենք ծրագրի շրջանակներում ներկայումս ուսումնասիրում ենք Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետ, կնպաստի համապատասխան նախընթաց ֆորմալ կրթության ճանաչմանը:
Մյուս կողմից մենք նախատեսում ենք մշակել օտարերկրյա ուսանողների ընդունելության ընթացակարգ՝ անհրաժեշտ կից փաստաթղթերով և ընթացակարգերի նկարագրությամբ, որը հնարավորություն կտա օտարեկրյա ուսանողներին հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ընդունելության վերաբերյալ, ներբեռնել անհրաժեշտ ձևաթղթերը և առանց լուրջ խոչընդոտների դիմել համապատասխան համալսարան: Այսօր էլ ՀՀ բուհերը ունեն նման ընթացակարգեր, բայց դրանք համակարգված չեն և մասամբ են համադրելի եվրոպական բուհերում առկա փորձի հետ:
– Ըստ Ձեզ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում նման հանդիպումներն ու փորձի փոխանակմանն ուղղված այսօրինակ ծրագրերի հիմնական առավելությունը ո՞րն է:
– Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրման կարևորագույն միջոցներից է նաև միջազգայնացումը. ուսանողների և աշխատակազմի փոխանակումը, օտարերկրյա ուսանողների ներգրավումը, կրթական ծրագրերում միջազգային չափայնության ներդրումը, համատեղ ծրագրերի և հետազոտությունների իրագործումը: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել գործընկեր համալսարանների փորձը այդ ուղղությամբ, կատարել համեմատական վերլուծություններ և համադրումներ, իսկ արդյունքում՝ տեղայնացնել լավագույն փորձը միջազգայնացման ուղղությամբ: Այս տեսանկյունից ԵՊԼՀ-ն, բարելավելով միջազգայնացման իր գործընթացները, ստեղծում է դրական նախադրյալներ համակարգի ինտեգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին:
– Ինչպե՞ս եք պատրաստվում նպաստել Հայաստանում ծրագրի արդյունքների տարածմանը:
Նախ և առաջ մեր հանդիպումները շատ կարևոր էին, քանի որ մենք քննարկեցինք, թե աշխատանքային խումբը ինչ արդյունքներ է ունենալու ծրագրի ավարտին: Բացի վերոնշյալ ընթացակարգի մշակումից նախատեսում ենք նաև score-card ցուցանիշների մշակում, որով հնարավոր կլինի քանակական և որակական գնահատում իրականացնել համալսարանում գործող ընդունելության ընթացակարգերին, այսինքն՝ թե ինչպես ենք իրականացնում ընդունելությունը, գործընթացների իրականացման ժամկետները, որքանով են մեր ուսանողները գոհ և բավարարված տրամադրված ծառայություններից և այլն:
Մինչ այս ցուցանիշների մշակումը մենք նախատեսում ենք մինչև ս.թ. սեպտեմբեր իրականացնել օտարերկրյա ուսանողների ընդունելության գործող համակարգի SWOT վերլուծություն և հասկանալ, թե որոնք են օտարերկրյա ուսանողների ընդունելության հետ կապված թույլ կողմերը և խոչընդոտները, վերհանել այդ համակարգի զարգացման հնարավորությունները և հեռանկարները:
Հաշվի առնելով, որ որոշ հարցեր համակարգվում և կանոնակարգվում են ազգային մակարդակում, ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկություններ այդ ընթացակարգերը բարելավելու համար: Մշակված ընթացակարգերը կտարածվեն նաև մեր գործընկեր համալսարանների շրջանակում, որպեսզի իրենք էլ ծանոթանան և կարողանան քաղել իրենց համար օգտակար տեղեկատվությունը՝ իրենց աշխատանքներում դրանք ինտեգրելու նպատակով:
ԵՊԼՀ հանրային կապերի և լրատվության բաժին