ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման զեկույցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ «Ալեքս տեքստիլից» զատ, որը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին է պատկանում, այլ բիզնես մասնակիցներ կա՞ն այդ ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կոնկրետ վիճակագրությունը չգիտեմ, բայց համոզված եմ, որ բավականին լայն շրջանակ ունենք: Տեքստիլը մի կողմից արձանագրում ենք՝ որպես հաջողություն, բայց լուրջ մարտահրավերներ ունենք: Մեր երկրում զարգանում է այն տեքստիլը, որը էլի ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում, ինչը մտահոգիչ է: Մենք ոչ միայն չենք ուզում, որ Հայաստանը էժան աշխատուժի երկիր լինի, այլեւ հասկանում ենք, որ կան երկրներ, որոնք կարող են ցանկացած պահի ավելի էժան աշխատուժ տալ ու այդ ոլորտը կարող է փլուզվել: Մեր մեսիջն այն է, որ պետք է տեքստիլը քայլ առ քայլ տեղափոխենք արտադրանքը բարձր գնային սեգմենտ: Ոչ թե մեր երկրում պետք է արտադրվի 5000 դրամանոց բաճկոն, այլ մեր նպատակը պետք է լինի, որ մեր երկրում արտադրվի 1000 դոլարանոց բաճկոն, ավելի բարձր աշխատուժ պետք կլինի: Կա խոստում, որ շուտով Երեւանում հենց այս սեգմենտում նոր գործարան կբացվի, որը 3000 աշխատատեղ կունենա: Հիմա «Ալեքս տեքստիլ» եւ այլն, քաղաքական ասոցիացիաներ են առաջացնում: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ այդ ընկերությունները պարզ է, որ չեն ունենալու հովանավորչություն կառավարության կողմից, բայց այդ ընկերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը չի լինելու թշնամական: Պետք է գործեն օրենքի հավասար դաշտում»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ «Տավուշ տեքստիլը» կա, այսինքն, այդ դաշտում այլ ընկերություններ կան, Գյումրիում ջինսերի արտադրություն կա, որեւէ մեկն առավելություն չունի:
Թանդիլյանը նաեւ հարցրեց՝ սպառողական վարկերից՝ ասելով, որ աննախադեպ աճ կա, ուստի հարցրեց՝ ինչո՞վ է սա բացատրվում: Ըստ նրա, մարդիկ փող չունեն, դրա համար սպառողական ապրանքների համար վարկ են վերցնում:
Կարդացեք նաև
Վարչապետը պատասխանեց. «Օրինակ, ես մտածում եմ՝ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով է: Շատ հարմար վարկեր են առաջարկում, ամիսը 6000 դրամով դու ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչի՞ միանգամից 300 հազարը տաս վերցնես, եթե դու կարող ես ամիսը 6000 դրամով ունենաս»:
Վարչապետը հայտարարեց. «Եթե չեմ սխալվում, մեր տան լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չենք մարել, մի 4 տարի առաջ ենք գնել: Ինձ հարմար է, ավելի ձեռնտու է ոչ թե հիմա տամ 250 հազար, այլ ամիսը 6000 դրամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ