2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով, այսօր դատարանում շարունակվում էր տուժողների հարցաքննությունը։
Դատարանի որոշմամբ, հրապարակվեցին դատարան չներկայացած տուժողներից երկուսի նախաքննական ցուցմունքները։ Նրանք տարբեր պատճառներով երկրից բացակայում են: Ոստիկանության ծառայող Դավիթ Գեւորգյանը նախաքննական ցուցմունքում գրել է, որ ՊՊԾ գնդի ներսում տեսել է զինված անձանց, նրանք իրեն հորդորել են` հանձնվել։ Զինված անձինք եղել են 37 հոգի:
«Սկզբում կապեցին մեր ձեռքերը, բերեցին Օսիպյանին եւ Եղիազարյանին, քիչ անց ներս մտավ Պավլիկ անունով անձը եւ հրահանգեց մեր ձեռքերը ազատել։ Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ: Այդ երիտասարդները թույլատրեցին մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ։ Մեզ բոլորիս տարան մի սենյակ եւ ստիպեցին, որ պառկենք մահճակալներին: Զինված երիտասարդներից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի տակ, որ առաջինը ձեզ սպանենք»,- իր նախաքննական ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը` հավելելով, որ զինված անձինք ՊՊԾ գնդի տարածքում ալկոհոլ են օգտագործել:
«Գնդի ներսում լսել եմ խոսակցություններ, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատ։ Խոսակցություններում լսվում էր, թե ինչպես էին զինված անձինք, այդ թվում՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր այդ մարդուն: Սմբատը պատասխանում էր, որ կրակել են իրենց ուղղությամբ, ինքն էլ իր հերթին պատասխանել է։ Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, տարբեր պահանջներ էին դնում նրա դեմ եւ իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն»,-նաեւ այսպիսի ցուցմունք է տվել տուժող ոստիկանը: Նա նաեւ գրել է, որ զինված երիտասարդները Պավել Մանուկյանին այլեւս չէին լսում, վարվում էին՝ ինչպես ցանկանում էին:
Կարդացեք նաև
Գործով տուժող բժիշկ Դավիթ Տոնոյանն էլ իր նախաքննական ցուցմունքում, մասնավորաբար, գրել է`գնդի տարածքից ահազանգ են ստացել, որ ներսում վիրավորներ կան եւ տեղափոխվել են գնդի տարածք` բժշկական օգնություն ցույց տալու համար: Ի դեպ, նա երկու անգամ է նախաքննական ցուցմունք տվել: «Սկզբում ասացին, որ թույլ չեն տա մեզ լքել գնի տարածքը, պահանջում էին, որ առողջապահության նախարարը գա եւ իրենց բժշկական օգնություն ցույց տա։ Հետո մեզ ասացին, որ բաց կթողնեն, եթե փոխարինող բրիգադ ներկայանա։ Արեգ Կյուրեղյանը վերցրել է իմ հեռախոսը, ու սկսել էին տարբեր զանգեր կատարել։ Տարածքում բոլորը զինված էին ատրճանակներով, մի քանիսի մոտ կային նաեւ նռնակներ»։
Բժիշկն իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ թե գնդի ներսում գտնվելու ժամանակ սթրեսային վիճակում է եղել, կեղծ խոստում է տվել, որ դուրս գալուց հետո կօգնի գունդը գրաված անձանց. «Սեդրակ Նազարյանն ինձ ասաց, որ ես բեռ եմ դարձել իրենց գլխին, իրենց իմ օգնությունը պետք չէ եւ շուտով ինձ բաց կթողնեն»։ Գնդից դուրս գալով, բժիշկը ոստիկաններին հայտնել է, որ իր հեռախոսի քարտը Արեգ Կյուրեղյանը վերցրել է, իսկ իրեն փոխանցել է իր հեռախոսի քարտը: Գնդի ներսում բժիշկը Պավել Մանուկյանին չի տեսել: Մինչ իրենց ներս մտնելը, վերջինս արդեն վիրավորված է եղել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկը Վարուժան Ավետիսյանին է տեսել բուժկետում շրջելիս։ Անդրադառնալով Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին», տուժողն ասել է, որ գնդի ներսում լսել է, որ մեքենաների մարտկոցներ է լիցքավորել, բայց անձամբ նրան չի տեսել։
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարություն արեց`ասելով, որ այս դատավարական ֆարսը շարունակվում է, եւ, որ այս խարխուլ ճանապարհը մեզ դեպի արդարադատություն չի տանելու: Նա հույս ունի, որ քաղաքական առումով լուծումներ կգտնվեն եւ այս ամենը մի օր կվերջանա:
Անդրադառնալով հրապարակված նախաքննական ցուցմունքներին էլ, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Դավիթ Տոնոյանից երկրորդ ցուցմունք վերցնելով ակնհայտ է դառնում, որ այդ երիտասարդը գերհուզական բնավորությամբ էր աչքի ընկնում, ինչը մենք տեսել ենք եւ ինչը նաեւ ինքն էր ասում: Լրացուցիչ հարցաքննությամբ փորձել են նրանից քամել եւ ստանալ հնարավորինս նպատակահարմար պատասխաններ: Ի պատիվ այդ երիտասարդի, պետք է ասեմ, որ ուղիղ մատնության, ուղիղ ցուցմունքի չի գրանցել եւ այդ հրեշային, ճնշված միջավայրում փորձել է մարդկային դեմքը չկորցնել»:
Արդարադատության համար, ըստ Վարուժան Ավետիսյանի, այս ցուցմունքները հիմք լինել չեն կարող, քանի որ ոստիկանական բռնապետություն էր Հայաստանում, որը ռեժիմին էր ծառայում: Ելքը նա համարում է անցումային արդարադատությունը եւ գործի «կոնտեքստային» քննությունը. «Թե չէ հայտնի ֆիլմի մոտիվներով`Սերժիկը իր համար հաց ու սոխ կուտեր, մենք էլ շրըխկ` մտանք»:
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 3-ին, 11. 00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ