Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարություն, 3 փոխվարչապետ. ԼՀԿ-ի՝ կառավարության կառուցվածքի առաջարկները

Մարտ 27,2019 15:55

ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ խմբակցության առաջարկները:

Հիշեցնենք, որ կառավարության փոփոխությունների վերաբերյալ արդեն իսկ ներկայացված նախագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում, որի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ լիագումար նիստում: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկներն արդեն ուղարկված են ՀՀ կառավարությանը: «Եթե քաղաքական որոշում լինի, եւ կառավարությունը դրանք ընդունի, կնստենք-կքննարկենք: Փաշինյանի տեսակետը հայտնի է՝ սուպերվարչապետական համակարգը պետք է վերափոխվի, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ դառնան նախարարություններ: Ակնկալում ենք երկխոսություն»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Ինչպես հայտնի է՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ որոշ նախարարություններ կրճատվելու են, իսկ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը մնալու են որպես առանձին մարմիններ, վարչապետին ենթակա գործելու է նաեւ Սփյուռքի հարցերով հանձնակատար: Իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ունենալ 14 նախարարություն, այդ թվում՝ Ազգային անվտանգության, իսկ ԱԻՆ-ը եւ Ոստիկանությունը միավորել՝ ստեղծելով ՀՀ ներքին գործերի նախարարություն: ԼՀԿ-ն առաջարկում է նաեւ պահպանել երեք փոխվարչապետերի հաստիքները՝ նրանցից մեկին վերապահելով Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով զբաղվելու գործառույթը: ԼՀԿ-ում համոզված են, որ փոխվարչապետի պաշտոնը Սփյուռքի հետ հարցերի ավելի բարձր մակարդակ է ենթադրում, քան վարչապետին ենթակա Սփյուռքի հարցերով հանձնակատարը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարչապետին ենթակա՝ առանձին մարմիններ լինելու փոխարեն պետք է նախարարություններ դառնան, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին. «Դրանք պետք է ունենան իրենց քաղաքական ղեկավարները»:

Ինչ վերաբերում է նրան, որ գործող իշխանության կարծիքով՝ մի քանի նախարարություններ պետք է միավորվեն կամ կրճատվեն, Մարուքյանն ասաց, որ այդ կրճատումներն ավելի շատ տեխնիկական բնույթ ունեն եւ խնդիրներ չեն լուծելու. «ՀՀ ՀՆԱ-ի մի մասը գոյանում է գյուղատնտեսության ոլորտից, ուստի այդ ոլորտի նախարարությունը կրճատելը սխալ է: Մեզ համար ընդունելի չեն փաստարկները, թե նախկինում Գյուղատնտեսության նախարարությունը վատ է աշխատել: Կարելի է լավ աշխատեցնել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/349292435684252/

https://www.facebook.com/aravot.am/videos/804014249954783/

https://www.facebook.com/aravot.am/videos/653274111798823/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031