Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հայերը դարձել երջանիկ, ըստ Փաշինյանի. «Ինչ-որ մեկը նրանց ավտոմեքենա՞ էր նվիրել, բնակարա՞ն, հեռուստացո՞ւյց, ո՛չ»

Մարտ 27,2019 15:47

ԱԺ-ում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ կառավարության ծրագրում, նաեւ կատարողականում կարմիր թելի նման անցնում է երջանիկ քաղաքացի ունենալու մասին թեզը. «Երջանիկ քաղաքացի ունենալու պարբերության մեջ երեք կետ է նշված, ըստ որի արժանապատիվ քաղաքացի կունենանք: Մասնավորապես, բացվել են ԱԺ-ի ու Բաղրամյան 26-ի դարպասները, կառավարության նիստերը դռնբաց են անցկացվում, քաղբանտարկյալներ չկան: Արդյոք սա բավարա՞ր է երջանիկ ու արժանապատիվ քաղաքացի ունենալու համար»: Նա նաեւ հարցրեց՝ երջանիկ քաղաքացի ունենալու համար կառավարությունը ի՞նչ առաջնահերթություններ ունի:

Փաշինյանը պատասխանեց, որ երբ հեղափոխությունը եղավ Հայաստանի, ՀՀ քաղաքացիները փողոցներում պարում էին, իրար հյուրասիրում էին, խորոված էին անում. «Ինչի՞ համար էին նրանք դա անում, դա երջանկության արտահայտություն էր: Ինչ-որ մեկը նրանց ավտոմեքենա՞ էր նվիրել, բնակարա՞ն, հեռուստացո՞ւյց, ոչ, իհարկե: Նրա համար, որ իրենք հասկացել էին, որ իրենք բարձրագույն իշխանություն, որոշող ուժ են իրենց երկրում, իշխանություն ձեւավորելու հնարավորություն ունեն: Երջանկության զգացողության անկյունաքարը հենց դա է»: Վարչապետն ասաց, որ 2018-ին երջանկության համաթվով ՀՀ-ն 13 կետով բարելավել է իր դիրքերը:

Ըստ Փաշինյանի, այն, որ Բաղրամյան 26-ի եւ ԱԺ-ի դռները բացվել են, դա քաղաքացու հաղթանակի խորհրդանիշն է ու երբ մարդը հաղթանակած է իրեն զգում, նաեւ երջանիկ է զգում:

Փաշինյանն ասաց, որ քաղաքական դաշտում հաղթելով՝ հիմա տնտեսական դաշտում են ուզում հաղթել: Վարչապետի խոսքով՝ ես չեմ պատկերացնում մարդ, ով երջանիկ է առանց աշխատանքի: Երջանկության մեր բանաձեւն է՝ ազատությունը եւ հնարավորությունը կրթության, առողջապահական, անվտանգության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031