Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Թադևոսյան. Ազգային անվտանգության հարց է թե՛ ջրերի պահպանումը, թե՛ մաքրումը, թե՛ վերականգնումը

Մարտ 27,2019 15:28

Սևանա լճի և գետերի աղտոտվածությունը ճգնաժամային շեմի է հասել, մի քանի անգամ նվազել են արտեզյան ու գրունտային ջրերը, Արարատյան դաշտավայրը սնուցող Սևջուր գետի հունը կոյուղի է դարձել, այդ բառի ուղիղ իմաստով: Ու այս ամենով հանդերձ մեր հանրապետությունով հոսող 7, 300 մլրդ խմ ջրային ռեսուրսների միայն 2,3 մլրդ խմ ենք մենք օգտագործում, մնացած  5 մլրդ խմ հոսում է մեր սահմաններից դուրս, ոռոգման համակարգում ջրային ռեսուրսների 40 % կորուստ ենք թույլ տալիս:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ջրային ռեսուրսների այս և բազում այլ հիմնախնդիրներ: Քննարկմանը մասնակցում էին պետական կառույցների ներկայացուցիչներ, ջրերի մաքրում իրականացնող կազմակերպություններ, գիտնականներ, Նախաձեռնության կազմկոմիտեի անդամներ: Գերխնդիրը, որ բոլորը ոլորտում տեսնում են, ջրային ռեսուրսների մեծածավալ աղտոտումն ու անխնա սպառումն է: Դրա ապացույցն են Սևանա լճի <ծաղկումն> անցյալ ամառ, էկոլոգիական ծայրահեղ վատ վիճակում գտնվող Հրազդան գետն ու Երևանյան լիճը, ցամաքած Սևջուրը:

Հայ ջրնախագիծ ինտիտուտի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի վարչապետին առընթեր հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Սևանի խնդրի լուծման համար կարևորում է օրենքի կիրառությունն ու մաքրման կայանների կառուցումը. «Պետք է այսուհետև խստորեն գործի Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի որևէ մեկն իրավունք չունի կեղտաջուր թափի Սևանա լիճ: Ստիպել, որ Սևանում շուրջօրյա և սեզոնային գործող ռեստորաններն ու հյուրանոցները իրենց միջոցներով կենցաղային ջրերի մաքրման կայաններ հիմնեն»: 7 կայաններ արդեն տեղադրվել են:

Մաքրող կայանների տեղադրումը պարտադիր պետք է լինի նաև Հրազդանի կիրճում, որտեղ գործող ռեստորանները իրենց կեղտաջրերը ուղիղ գետ են թափում: Հրազդանի ջրամբար համարվող Երևանյան լիճն էկոլոգիապես  շատ ավելի աղետալի վիճակում է: Լճի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Յուրի Ջավադյանի հաղորդմամբ նախատեսվում է լճի նստվածքները տեղափոխել Երևանից 15  կմ հեռու,  որտեղ կկառուցվի 10 հեկտար տարածք ունեցող գերեզմանոց այդ թափոնի համար: Իսկ Սևջուր գետի հոսքն ավելացնելու համար քննարկվում է Կարակալայի հանգույցից դեպի գետ ինքնահոս ջուր հասցնելու ծրագիրը:

«Քիմմաստեր» ընկերության ղեկավար, «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմկոմիտեի անդամ Մանվել Գաբրիելյանը ոլորտում շատ խնդիրներ է տեսնում, բայց թիրախային է համարում Սևանա լճի աղտոտվածությունը: «Քիմմաստեր» ընկերությունը զբաղվում է կեղտաջրերի կենսաբանական մաքրմամբ: Ընկերության ղեկավարը կարևոր է համարում նաև Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքների մեխանիկական մաքրման կայաններից արտահոսող ջրերի կենսաբանական մաքրումը, որ Սևանա լիճ թափվի իսկապես մաքուր ջուր:

Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանը կիսում է հնչեցված մտահոգությունները կապված անարդյունավետ ջրօգտագործման, կառավարման, այդ թվում նաև ջրային համակարգերի ոչ կատարյալ վիճակի հետ: Սակայն մեծ քաղաքների մեխանիկական մաքրող կայաններից արտահոսող ջրի կենսաբանական մաքրումը երկմտանքով է ընդունում, որովհետև ըստ իր ունեցած տվյալների այդ արդեն բավականաչափ նոսրացած կեղտաջրի ՔԹՊ-ն (քիմիական թթվածնի պահանջարկը)  այնքան չէ, որ կենսաբանական մաքրում կատարող մանրէները գործեն:  Սերգոյանը գտնում է, որ պետք է մշակվեն առաջնահերթությունները, նախ պետք է լուծել կեղտաջրերին խառնվող առուների ծավալների նվազեցման հարցը, հետո նոր կառուցել կենսաբանական մաքրման կայանները:

Սակայն Մանվել Գաբրիելյանը համոզված է, որ եթե փոխվի կոյուղի լցվող առուների, անձրևաջրերի հոսքը, կոյուղաջրերը կունենան բավարար ՔԹՊ, և հնարավոր կլինի կենսաբանական մաքրում կատարել: Իրենք բավական մեծ փորձ ունեն ոլորտում. Հայաստանում տեղադրել են արդեն 40 կայաններ, որոնք գործում են մեծ արդյունավետությամբ:  

Սևանի ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը այն դիտարկումն արեց, որ լճի հիմնական աղտոտողները շրջակա մոտ 75 համայնքներն են, որտեղից գետերը կեղտաջրերը բերում թափում են լիճ: Եվ առաջնահերթ է համարում համայնքների կոյուղացումը:

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը ևս համարում է, որ առաջին հերթին պետք է  մտածել գյուղական համայնքներում ջրահեռացման համակարգի ներդրման մասին, հետո միայն ծրագրել մեխանիկական կայաններին կից կենսաբանական մաքրման կայաններ հիմնելը: :

Բայց «Քիմմաստեր» ընկերության ղեկավար Մանվել Գաբրիելյանն ընդգծեց, որ  գյուղերում ջրահեռացման ամբողջական համակարգի անցկացումը բարդ, երկարատև ու ֆինանսատար աշխատանք է: Լուծում կարող է լինել մի քանի տնային տնտեսության համար միասնական մաքրման կայան դնելը, իսկ կայանից արտահոսող ջուրն էլ օգտագործել ոռոգման նպատակներով:

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան Հայաստանի ջրային ռեսուրսների տարբեր հիմնախնդիրների, բայց բոլորի խոսքում պարտադիր շեշտվում էր Սևանա լճի հիմնախնդիրը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի հիմնադիր Գևորգ Թադևոսյանը կարևորում է մասնագիտական ու հանրային ներուժի համախմբումը ջրային ռեսուրսների հիմնախնդիրների լուծման շուրջ. «Այսօր Սևանը ճահճացման վտանգի առաջ է, ստորջրյա աղբյուրները մինմալիզացվել են, Արարատյան դաշտավայրում գյուղմթերքը ոռոգվում է կոյուղաջրով: Ճգնաժամի առաջ ենք, և ջրային ռեսուրսների պահպանությունը ազգային անվտանգության հարց  է դարձել: Ազգային անվտանգության հարց է թե՛ ջրերի պահպանումը, թե՛ մաքրումը, թե՛ վերականգնումը: Պետք է միավորվեն մասնագիտական, պետական, բիզնես, հանրային բոլոր շահագրգիռ կողմերը, առաջարկ ձևակերպեն ու ներկայացնեն պատկան մարմիններին: Համոզված եմ՝ ճիշտ ձևակերպումների պարագայում միասնաբար պայքարելու դեպքում կհասնենք արդյունքի»։

Ու քանի որ ամբողջ քննարկման ընթացքում անընդհատ ընդգծվում էր Սևանա լճի հիմնախնդիրը, «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ Կարեն Խաչիկյանը առաջարկեց հաջորդ քննարկումը նվիրել Սևանի փրկության թեմային:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031