Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը չի կարող լինել «բազառների», առուծախի առարկա, ժողովրդավարությունն առաջ տանելու, զինվորի ձայնը բարձրաձայնելու տեղ». Տարոն Հովհաննիսյան

Մարտ 27,2019 15:16

«Ադրբեջանցիները երեկ փորձել էին Բերդավան գյուղի դիմաց, որտեղ իրենց Քյամերլի գյուղն է տեղակայված, դիրքերը բարելավել, և հայկական կողմը կանխել էր դա»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մինչ այս ևս նման դեպքեր եղել էին, օրինակ՝ հունվարին:

Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ 2018-ի օգոստոսից Ադրբեջանում բացի ՊՆ ենթակա բանակից, կան տարբեր այլ զինված ստորաբաժանումներ, որոնք բանակին չեն ենթարկվում: Դրանցից երկրորդը բանակից հետո հզոր հենակետերում պետական սահմանապահ ծառայությունն է, որի գործառույթների մեջ մինչ այս մտնում էր Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի հետ սահմաններին հսկողությունը, այդ թվում նաև մաքսային անցակետերում:

Տարոն Հովհաննիսյանը մանրամասնեց. «2018-ի օգոստոսից սկսած՝ Ադրբեջանում սկսեցին նախապատրաստվել Տավուշի մարզի դիմաց՝ Ադրբեջանի, Խազախի և Ախստափայի շրջանների դիմացի դիրքերում մարտական հերթապահությունը բանակից պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների փոխանցման գործընթացին: 2018-ի հոկտեմբերին այդ հատվածում արդեն մեր հիմնական Տավուշի հատվածի վտանգավոր հատվածներում՝ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան այդ գյուղերի դիմաց նաև սկսեցին տեղակայել պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները և մարտական հերթապահություն իրականացնել ու արդեն պետական սահմանապահ ծառայությունն իր զորքերի համար սկսեց ենթակառուցվածքները թարմացնել: Բացի այդ՝ զուգահեռ սկսեցին սահմանին ինժեներաամրաշինական աշխատանքներ իրականացնել և իրենց համար նաև սահմանը իրենց հարմարեցնել»:

Տարոն Հովհաննիսյանը չի կարծում, թե սրանով կսահմանափակվեն Ադրբեջանում. «Նախ պետական սահմանապահ ծառայությունն առանձին ստորաբաժանում է՝ անմիջապես նախագահին ենթակա, և նաև ներքին մրցակցություն կա այդ կառույցի և բանակի միջև: Նաև կարիք կա ցույց տալու, որ իրենք ավելի լավ են մարտական հերթապահություն իրականացնում, բարելավում են դիրքերը: Մյուս կողմից Ադրբեջանն իր քաղաքականությունից ելնելով՝ խնդիր ունի տարբեր լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես Նախիջևանում արեցին»:

Հարցին՝ մեր զորամասերի ներսում այն, ինչ կատարվում է, ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքում, ի վերջո ներքին կանոնադրության խախտումներն ազդում է նաև արտաքին քաղաքականությանը, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեղրիում տեղի ունեցածի մանրամասները չեմ ուսումնասիրել, սակայն բացասական ազդեցություն են ունենում առհասարակ նման իրադարձությունները: Բանակը չի կարող լինել ոչ «բազառների», առուծախի առարկա, ոչ ժողովրդավարությունն առաջ տանելու, զինվորի ձայնը բարձրաձայնելու տեղ: Բանակում պետք է հստակ կարգուկանոն լինի, սուբորդինացիա, հիերարխիա, և շարքային զինծառայողն անվերապահորեն պետք է ենթարկվի իրենից բարձր կոչում ունեցող անձանց, սպաներն իրենց վերադասերին: Եվ այստեղ որոշակի թյուրիմացություն էր առաջացել, երբ բողոքներ եմ ծնողներից լսում, թե ինչու են տեղափոխում Արցախ: Նախ` Արցախը պատժի ուղարկելու տեղ չէ: Այնտեղ ծառայում են նույն հայազգի զավակները: Այստեղ հստակ պետք է ամրագրվի, որ բանակում պետք է լինի կարգուկանոն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031