Հյուրանոցների ամրագրման առցանց ծառայությունը՝ Ostrovok.ru-ն անցկացրել է սոցհարցում՝պարզելու ամենաշատն ինչի՞ց են վախենում ռուսաստանցի զբոսաշրջիկներն այլ երկրներ իրենց ճամփորդությունների ժամանակ:
Ինչպես պարզվել է, ճանապարհորդները հիմնականում վախենում են փաստաթղթերը կորցնելուց: Այսպիսի մտահոգություն է հայտնել հարցվածների 43 %-ը: Զբոսաշրջիկները նաեւ վախենում են հիվանդանոց (25% ) եւ բանտ (24%) ընկնելուց:
Հարցվածների 10 %-ը պատասխանել է, որ արձակուրդի ժամանակ վախենում է մնալ առանց կապի, 3 տոկոսն էլ ասել է, որ վախենում է կորցնել հյուրանոցի կամ վարձակալած բնակարանի բանալին:
Հարցված տղամարդկանց 16 %-ը հայտնել է, որ վախենում է հանգստի ժամանակ կորցնել փողերը, իսկ կանանց 11 %-ը նշել է, որ վախենում է ենթարկվել սեռական ոտնձգությունների:
Ostrovok.ru-ի մասնագետները նաեւ փորձել են պարզել՝ ճամփորդությունների ժամանակ ռուսաստանցի զբոսաշրջիկները ամենից հաճախ հյուրանոցներում ի՞նչ կանոններ են փորձում խախտել:
Կարդացեք նաև
Հարցված տղամարդկանց 34%-ը խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ ոչ սթափ վիճակում լողավազան են մտել անթույլատրելի ժամի: Հարցման ենթարկված ռուսաստանցի զբոսաշրջիկների 17%-ը նշել է, որ սեռական հարաբերություններ են ունեցել չթույլատրված տեղերում:
Ավիատոմսերի Aviasales ծառայության փորձագետների անցկացրած հարցումներն էլ պարզել են՝ ինչի վրա են խնայում ռուսաստանցի զբոսաշրջիկները ճամփորդությունների ժամանակ: Հարցված զբոսաշրջիկների մեծ մասը նշել է, որ ցանկանում են խնայել ի հաշիվ ավիատոմսերի՝ նախապատվությունը տալով լոուքոստեր-ավիաընկերություններին, որոնք առանց ուղեբեռի են եւ տարանցիկ թռիչքներով:
Հարցվածների 15 %-ը հայտնել է, որ ճամփորդությունների ժամանակ պարզապես անջատում է բջջային կապը, քանի որ գրեթե բոլոր սրճարաններում ու հյուրանոցներում կա անվճար Wi-Fi: 12 %-ն էլ ասել է, որ չեն ցանկանում գումար ծախսել վճարովի էքսկուրսիաների համար եւ փոխարենը, այցելում են թանգարաններ՝ նախապես ճշտելով, թե երբ են անվճար օրերը:
Հարցվածների թվում եղել են մարդիկ (11 %), որոնք նշել են, որ գումար չեն ծախսում «շոփինգի» եւ հուշանվերների վրա: Իսկ 5%-ը խոստովանել է, որ սնվելու վրա է խնայում՝ ճամփորդելու ժամանակ օգտվելով ճաշարանների ծառայություններից կամ սուպերմարքեթներից գնում են պատրաստի սննդամթերք:
Հարցման ենթարկված ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ն է ասել, որ խնայում է ապրելու տեղի համար՝ ամրագրելով ոչ թե հյուրանոցային համարներ, այլ հոսթելներ:
Aviasales-ի փորձագետները վերը թվարկվածներին ավելացնում են նաեւ ճամփորդությունը զբոսաշրջային սեզոնի սկզբում եւ վերջում: Այս դեպքում կարելի է խնայել մինչեւ 50% ավիատոմսերի, ինչպես նաեւ հյուրանոցների, հյուրատների եւ էքսկուրսիաների համար՝ խուսափելով նաեւ լողափում կուտակումներից:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ