Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները բողոքում են՝ Ֆիննախն ու ԿԲ-ն չեն տալիս հիմնավորումները՝ ինչի հիման վրա է 60 անգամ բարձրացնում պետտուրքը

Մարտ 27,2019 14:17

Այսօր առավոտից գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ցույց են անում կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը:

Եթե նախագիծն այդ տեսքով ընդունվի, ապա մոտ 60 անգամ կբարձրանա գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը: Գրավատների համար ներկայումս գործող 100 հազար դրամ պետտուրքը բարձրացվելու է 6 միլիոն դրամի չափով: Փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնալու է 3 միլիոն դրամ: Ցույցի մասնակիցները նշեցին, որ երեկ հանդիպել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի եւ Կենտրոնական բանկի իրավաբանական բաժնի աշխատակցի հետ, սակայն երկու կառույցների պատասխանատուներն էլ պնդել են, որ գրավատների եւ փոխանակման կետերի ոլորտում կարգավորումները թույլ են եւ հիմնավորումները ճիշտ են: Ցուցարարների խոսքով, ֆիննախն իրենց չի տրամադրում տեղեկատվություն՝ ինչի՞ հիման վրա է սահմանվել այդ 60-ապատիկը:

«Ասում են՝ մենք չենք կարող այդ ինֆորմացիան տալ, բայց որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, քաղաքացի, պահանջում ենք, որ մեզ տան նկարագիր՝ ինչպես են հաշվարկել»,-ասաց փոխանակման կետի բիզնեսով զբաղվող քաղաքացիներից մեկը:

Հանդիպման ժամանակ ոլորտի կարգավորմամբ զբաղվող պաշտոնյաները նշել են, որ փոխանակման կետերի համար սահմանված 3 միլիոն դրամը մնալու է անփոփոխ, բայց պետտուրքը բարձրանալու է տարեկան 1 միլիոն դրամով: Ցույցի մասնակիցները սակայն պահանջում են, որ «ավելի խելամիտ չափով պետտուրքը բարձրացվի»:

Գրավատների աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, որ նախագիծն այդ տեսքով կարող է մտնել ԱԺ եւ ընդունվել, ինչի հետեւանքով, ըստ նրանց, գրավատների մոտ 90 տոկոսն ուղղակի կփակվի:

«Մենք պահանջում ենք, որ մեզ որոշակի հիմքեր ներկայացվեն, թե ինչու են այդքան կտրուկ բարձրացնում պետտուրքը: Երկխոսություն ենք ուզում նախագծի հեղինակների հետ»,-ասում էին նրանք:

Ըստ փոխանակման կետերից մեկի աշխատակցի, կառավարության եւ ԿԲ-ի պատասխանատուները որպես արդարացում բերում են «ՍԱՍ»-ի օրինակը՝ նշելով, թե «ՍԱՍ»-ում գործող փոխանակման կետը ժամանակի ընթացքում աճել է՝ դառնալով վարկային կազմակերպության մասնաճյուղ. «Բայց ես ինչպես կարող էի աճել, որ ԿԲ-ն ինձ շաբաթը մեկ ստուգում էր, իսկ «ՍԱՍ»-ում աշխատող փոխանակման կետը չէր վերահսկվում: Չեն ուսումնասիրում նախկին օլիգարխիկ համակարգի գումարները՝ ինչպես բացեցին էդ փոխանակման կետերը, վարկային կազմակերպությունները, սուպերմարկետներն ու մնացածը, մեզ են համեմատում իրենց հետ»:

Ցուցարարների խոսքով, ներկայիս իշխանությունները «ոչինչ չեն անում փոքր ու միջին բիզնեսի խթանման համար, մի բան էլ նպաստում են դրանց փակմանը»:
Բողոքի մասնակիցները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031