ԱԺ-ում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ գույքահարկի մասով չե՞ն պատրաստվում լուրջ բարեփոխում իրականացնել, որովհետեւ գույքահարկը կադաստրային արժեքով է հարկվում, ոչ թե շուկայական գներով:
Վարչապետը պատասխանեց, որ գույքահարկի բարեփոխումներն անելու են 2020-ի հունվարի 1-ից: Նա ասաց, որ երբ եկամտահարկի համահարթեցման մոտեցում են կիրառում, քննադատում են, որ դա սոցիալական ոչ ճիշտ քաղաքականություն է, բարձր աշխատավարձ ստացողները օգտվում են: Փաշինյանի խոսքով. «Ասում են՝ վայ, բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ ցածր է, տպավորություն է, որ մենք բոլորս ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետեւից, իբր նրանք հարուստներ են: Բայց ՀՀ-ում բարձր աշխատավարձով որեւէ մեկը հարուստ, առավել եւս՝ մեծահարուստ չի դարձել: Մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձ ստանալու քաղաքականությունը: Մարդիկ կան,ասում են՝ վայ, էդ ինչ սխալ քաղաքականություն եք վարում, եկեք այնպես անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողը իր 80 հազարով լավ ապրի: Մենք ասում ենք՝ կեղծ դիրքորոշում է դա, չենք ուզում պայքարենք նրա համար, որ ՀՀ-ում մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանա ու մենք այնպես անենք, որ նա լավ ապրի մի քիչ: Հայաստանի Հանրապետությունում էժան աշխատուժ պետք է չլինի, պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ»:
Փաշինյանն ասաց, որ մարդկանց պետք է մղեն կրթության. «ՀՀ-ում չպետք է մարդ լինի, որի մտքով անցնի, որ ինքը 80 հազար դրամով կարա աշխատի: ՀՀ-ում չպետք է մարդ լինի, որ ինքը պետք է գործատու լինի ու 80 հազար դրամով մարդ ընդունի, էդքան աշխատավարձ տա ու մտածի, որ ինքը աշխատավարձ է տվել»:
Վարչապետն ասաց, որ այս երկրի թշնամին են ուզում դարձնել բարձր աշխատավարձ ստացող մարդուն, բայց ո՞վ է այդ բարձր աշխատավարձ ստացողը, նա այն մարդն է, ով համալսարաններում է քնել, չարչարվել է, չի քնել, սոված ուսանողի կարգավիճակում ՀՀ-ում կամ արտերկրում ժամանակ է ծախսել, բարձր պրոֆեսիոնալ է դարձել ու բարձր աշխատավարձ է ստանում. «Մեր ժամանակների հերոսը ինքն է, բա մարդը չի գնացել պպզել քուչեքում, գնացել կրթություն է ստացել: Հիմա էդ մարդուն ասում ենք՝ արա, էդ ի՞նչ 2 մլն դրամ աշխատավարձ ես ստանում, արի ստեղ հլը, 30 տոկոս դնենք աշխատավարձիդ կեսը վերցնենք: Մենք ասում ենք՝ մեր երկրում բոլորը պիտի լինեն այդպես: Մեր երկրում ոչ թե քուչեքում պտի պպզեն, գողականից ու ճշտից խոսան, պիտի գնան համալսարան, դպրոց, կրթություն ստանան, էս է նոր Հայաստանը, որեւէ մեկը այլ բանի հույս չունենա: Հակառակ դեպքում այս փոփոխությունները անիմաստ են: Ինչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ մեր երկրում սեւագործ բանվորների հասարակությո՞ւն լինենք: Ոչ: Լինելու է բարձր մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիների հասարակություն: Սա է մեր քաղաքականությունը, կեղծ չի կեղծ սոցիալական կարգախոսներով… իբր բան ենք անում, վայ, պայքարենք, որ 80 հազար աշխատավարձ ստացողը 300 դրամ պակաս հարկ վճարի: Էդ 300 դրամները պահեք ձե՛զ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ