Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի գիծը պարզ է, Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի ու ճիշտ խաղա

Մարտ 27,2019 15:30

Չպետք է թույլ տալ, որպեսզի բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքը Ալիեւը հնարավորություն ստանա բարդելու հայկական կողմի վրա

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 29-ին», – հաղորդեց ռուսաստանյան «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գտնվելու են Վիեննայում մարտի 29-ին, այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի պաշտոնական կայքը:

Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը մի քանի շաբաթվա ընթացքում նախանձելի հաճախականությամբ խոսեց ղարաբաղյան բանակցային ձեւաչափի փոփոխության անընդունելիության ու անհնարինության մասին:

Ալիեւը Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձում, օրերս, մասնավորապես ասել է. «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին: Սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները՝ հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձեւաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաեւ վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում»: Ալիեւը հավելել է նաեւ, որ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ այն պետք է լուծվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխության, այլ բանակցային ձեւաչափի վերականգնման առաջարկ է, փաստելով, որ 1994թ. զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է հակամարտող երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից, հետո էլ այդ ձեւաչափն ամրագրվել է միջազգային այլ փաստաթղթերում:

Իսկ ավելի վաղ, երբ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, նա մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո պատասխանել էր ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին: Անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին՝ նա, մասնավորապես, նախ նկատել էր, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, եւ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում, ապա հավելել էր. «Կարեւոր է նաեւ բանակցությունների ձեւաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, եւ ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերեւս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին եւ համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը»:

Ձեւաչափի վերականգնման թեման միջնորդներն, այսպես ասած, փորձեցին փակել: Բայց հայկական կողմը, պարզ է, որ շարունակելով բանակցություններին մասնակցել, այդ հարցը կպահի օրակարգում:

Պաշտոնական Բաքվին, բնականաբար, ձեռնտու չէ հիշել հակամարտության կարգավորման պատմության վաղ շրջանի փաստարկները, Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքում դրանց: Ալիեւը նախընտրում է միայն նշել, որ՝ «Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, եւ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ավելին՝ խոսելով բանակցությունների մասին, Ալիեւը միաժամանակ ընդգծել է, որ դրանց զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներուժը հզորացնել. «Անցած տարի անցկացված երկու ռազմական շքերթները ցույց տվեցին ողջ աշխարհին մեր զինուժի հզորությունը: Այս տարի, ինչպես նաեւ առաջիկա տարիներին մենք անելու ենք ամեն հնարավորը մեր բանակաշինության համար: Ադրբեջանի բանակը զինվում է ամենաարդիական տեխնիկայով, եւ մեր անվտանգությունն օր օրի ավելի է ամրապնդվում»:

Ալիեւից բացի, հակամարտության մասին է խոսել նաեւ նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը, որը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ժողովուրդներին խաղաղության պատրաստելու միջնորդների կոչին, ասել է. «Միայն արդարացի լուծումը կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, ադրբեջանցի փախստականները՝ վերադառնան իրենց բնակավայրեր: Միայն այսպես է հնարավոր հասնել արդարացի լուծման»: Ապա` նա հավելել է, թե Ադրբեջանի համբերությունը սպառվում է. «Ադրբեջանն արդեն 25 տարի է՝ բանակցություններ է վարում, ինչը վկայում է խաղաղ բանակցություններին մասնակցելու եւ փոխզիջման պատրաստակամության մասին: Սակայն այսպես չի կարող անվերջ շարունակվել»:

Բացի այդ, նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ բանակցային ձեւաչափի վերականգնում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս հայտարարությունը լուսաբանության կարիք ունի, քանի որ «չկան փաստաթղթեր եւ որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությունը»։ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նշվում է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած վերջին հայտարարության համաձայն՝ բանակցային գործընթացի ձեւաչափը փոփոխության ենթակա չէ, եւ այդ մասին խոսել են ԵՄ բարձր ներկայացուցիչներ։ Այս փաստը պաշտոնական Բաքուն Հայաստանին ուղղված լուրջ ազդակ եւ Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցություն է համարում։ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվել է Ղարաբաղյան կարգավորման մասին Բաքվի ունեցած պաշտոնական տեսակետը, ապա հղում է արվել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992թ. մարտի 24-ի լրացուցիչ նիստի որոշմանը։ Դրա համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահողին հանձնարարվել է հրավիրել Մինսկի խաղաղ համաժողով՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ արձանագրելով, որ «ընտրյալ եւ մյուս ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղից գործող նախագահողը համաժողովին կհրավիրի որպես շահագրգիռ կողմ՝ միայն համաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո»։ Պաշտոնական Բաքուն ընդգծում է, որ «ընտրված եւ մյուս ներկայացուցիչներ» ասելով պետք է նկատի ունենալ ԼՂ-ի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի համայնքները»։ Այսինքն, նրանց տրամաբանությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր:

Այսպես, պաշտոնական Բաքուն շարունակում է իր գծի պաշտպանությունը՝ հակամարտության կարգավորման բանակցությունների «ձեւաչափը չի կարող փոխվել», «ստատուս քվոն անընդունելի է, պետք է փոխվի», իսկ Ադրբեջանը «շարունակում է զինվել», «ադրբեջանական բանակը դառնում է ավելի հզոր» եւ այլն:

Անցյալ շաբաթ ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանը ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ են ընթանալու, այլ ձգտելու ենք բոլորի համար ընդունելի մեկնաբանություններ մշակել կարգավորման գործընթացում առկա սկզբունքների ու տարրերի վերաբերյալ: «Փաստաթղթում ներառված երեք սկզբունքների եւ վեց տարրերի շուրջ կան տարակարծիք մեկնաբանություններ. Ադրբեջանը իր ձեւով է հանդես գալիս մեկնաբանությամբ, հայկական կողմը նույնպես հանդես է գալիս մեկնաբանությամբ, եւ դրանք տարբեր ձեւով են մեկնաբանում… Ուստի անհրաժեշտություն է առաջացել առաջիկա հանդիպման: Ուղղակի մշակել բոլորի համար ընդունելի մեկնաբանություն այդ երեք սկզբունքների եւ վեց տարրերի, եւ արդեն դրանից հետո հասկանալ, թե ինչպես են շարժվում առաջ: Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, նշվել է բազմիցս, որ ներկա փուլում որեւէ բուն բանակցային գործընթաց չի ընթանում: Հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ կա հիմնախնդրի հանգուցալուծման բուն գործընթացը, եւ կա այն ամբողջ միջավայրը, որի շրջանակներում ընթանում է հանգուցալուծումը: Եվ այդ միջավայրում մենք հանդես ենք եկել ե՛ւ առաջարկություններով, ե՛ւ նոր գաղափարներ են առաջադրվել: Եվ այդտեղ պետք է լինի մոտեցումների եւ պատասխանատվությունների համադրում, եւ այս ամենի շուրջ է, որ ընթանում է զրույցը: Ինչպես նաեւ առաջիկայում ընթանալու է մեկնաբանությունների շուրջ»:

Բոլորի համար ընդունելի մոտեցումների մշակումը կարող է տեւել բավական երկար ժամանակ, եւ դա էլ երաշխիք չէ, որ Բաքուն ապագայում մշակված մոտեցումները կմեկնաբանի այնպես, ինչպես հայկական կողմն է պատկերացնում: Հայկական կողմին առաջիկայում բավական աշխատանք է սպասում ոչ միայն Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում մոտեցումների մշակման հարցում, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունների եւ միջազգային հանրության հետ:

Ալիեւը այժմյան իրադրությունը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին հայտարարությունը հաղթանակ ներկայացնելով, կփորձի առաջիկա բանակցություններում հանդես գալ, այսպես ասած՝ թելադրողի եւ ամուր դիրքեր ունեցողի պահվածքով: Դա չպետք է թույլ տալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունները, վատ չէր լինի, որ ղարաբաղյան բանակցային գործընթացի գիտակ գործիչներին, որոնց անմիջական մասնակցությամբ հնարավոր է եղել նախկինում դիվանագիտական ձեռքբերումների հասնել, հրավիրեին հանդիպումների, քննարկումներ անցկացնեին, որպեսզի պատկերացնեին, թե ինչպես պետք է առաջ շարժվել այս բավական նուրբ իրավիճակում, որպեսզի հայկական կողմը կրկին չհայտնվի մի կողմում, իսկ Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը միասին՝ մեկ այլ կողմում: Չպետք է թույլ տալ, որպեսզի բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքը Ալիեւը հնարավորություն ստանա բարդելու հայկական կողմի վրա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031