Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի հրեշտակների գումարտակի հրամանատարի չհրկիզվող պահարանում եղել է մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո

Մարտ 27,2019 12:42

2016 թվականի հուլիսին, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործով այսօր շարունակվում է տուժողների հարցաքննությունը:

Նախ հարցաքննվեց ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Գրիգորյանը: Ասաց. «Պետության կողմից տուժող ճանաչվել եմ, ինքս ինձ տուժող չեմ համարում: Ուղղակի իմ մեքենան մնացել էր ՊՊԾ գնդի տարածքում, ամիսը չեմ հիշում, հենց էդ գիշերը»: Ընկերոջն է հյուր գնացել, ալկոհոլ են օգտագործել, մեքենան չի քշել: «Այդ ամբողջ 15 օրվա ընթացքում մեքենան`124 մոդելի Մերսեդես «177 SS 997» պետհամարանիշներով, ընդամենը մի վնասվածք է ունեցել`հետեւի «ստոպերի ֆառերի» հատվածում հրազենային վնասվածք է եղել, դրա համար ես ինձ տուժող չեմ համարում»,- ասաց նա: Սարգիս Գրիգորյանը տեղյակ չէ, թե իր մեքենայի վնասվածքը ո՞ւմ կողմից է հասցվել: Դատավորի դիտարկմանը, որ իրեն, այնուհանդերձ, գույքային վնասվածք է հասցվել, արձագանքեց. «Դե, շատ մանր»: Պնդեց`ոչ մի պահանջ չունի:

Հետո հարցաքննվեց ՊՊԾ գնդի հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը (լուսանկարում): Ասաց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, գիշերը 2.30-ի սահմաններում դուրս է եկել գնդից, քաղաքում ծառայություն իրականացնելու նպատակով: Գնացել է Զվարթնոց օդանավակայան` ստուգումներ է իրականացրել: Ժամը 6.00-ին կողմերը «տղաներից մեկը զանգել`ասել է, որ գունդը գրավել են»: Զանգից հետո նա գնացել է դեպքի վայր, որտեղ եղել են ոստիկաններ, գործողություններ են իրականացվել: Գնդի «ազատագրումից» հետո, դեպքի վայրի զննության արդյունքում, իր կաբինետում գտել են չհրկիզվող պահարանը`կոտրված: Գեղամ Խաչատրյանն ասաց, որ պահարանում եղել է իր ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը, մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո: Հետագայում այդ գումարը հայտնաբերել են գնդի տարածքից. «Հրաձգարանում, մեծ չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է գումարը, մեծ կապույտ պայուսակում եւ նոթատետր`տարբեր գրառումներով`այսինչ մարդուն այսքան գումար, այնինչին այնքան եւ այլն: Դրանից ես տեղյակ չեմ»: Մնացածը` խնդրեց իր ցուցմունքը հրապարակել, քանի որ շատ ժամանակ է անցել, մանրամասները չի հիշում:

Գեղամ Խաչատրյանն ասաց նաեւ, որ տեղում են իմացել, որ ոստիկանները պատանդ են, գունդը գրաված մարդկանց պահանջները չի իմացել: Իրենց գործընկերների մահվան մասին իմացել է գործընկերներից, լրատվամիջոցներից: «Գագիկ Մկրտչյանը վիրավորված է եղել, տեսել եմ արնահոսությունը…»,- ասաց նա:

Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցերին ի պատասխան Գեղամ Խաչատրյանը նաեւ ասաց, որ Գագիկ Մկրտչյանին տեսել է գնդից դուրս գալիս, չի հիշում թե ո՞ւմ հետ էր, ինքը նրան չի մոտեցել, քանի որ կարիք չկար. «Հազիվ շտապ օգնությունը եկել էր, էդ տղուն տարան հիվանդանոց»: Հիվանդանոց նրան չի այցելել, ծառայություն էր իրականացնում, ֆիզիկապես չի կարողացել:

Զարուհի Փոստանջյանը համառորեն հետաքրքրվում էր`ինչո՞ւ հիվանդանոց չի գնացել, ինչո՞ւ ժամանակ չի գտել: Հարցերը հանվեցին: «Հանդիմանում եք, որ չի գնացե՞լ, բարոյախրատական զրո՞ւյց է»,- պաշտպանին հանդիմանեց դատավորը: «Եթե Գագիկին չէին թողնում, որ մոտենան, ո՞նց գնային»,- տեղից նետեց նիստի մասնակիցներից մեկը`արժանանալով զգուշացման, որ դատական սանկցիա կկիրառվի իր դեմ, նիստին խոչընդոտելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031