Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում. Անահիտ Բախշյան

Մարտ 27,2019 12:33

Ս․թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել հասկանալու համար, թե «ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել»։

Ուզում եմ պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել ժողովրդագրական վիճակը վատթարացնող մի շատ տարածված ու վտանգավոր երևույթի վրա, որի էությունը կայանում է ծնողների կամ նրանց «օրինական» ներկայացուցիչների կողմից հայ երեխաների ապագա քաղաքացիությունը կամայականորեն փոխելու ու նրանց Հայաստանից հեռանալու «օրինական» հիմքեր ստեղծելը, որը նույնպես ժողովրդագրական խնդիր է։ Բանը նրանում է, որ ՀՀ ԿԳ նախարարի 2013թ․ դեկտեմբերի 9-ի հ․1365-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն․ «6. Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը` սույն կետում նշվածներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:

Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»

Վերջին տարիներին վարչական շրջանների «Հոգաբարձուների և խնամակալության հանձնաժողովների» թեթև ձեռքով, օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում և հետագայում հեշտությամբ «թռնեն» Հայաստանից ու բնականաբար, չծառայեն։

Ներկայացնեմ փաստերով, որպես Երևանի ավագանու անդամ, 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլ ուսումնասիրություն եմ իրականացրել Երևանի դպրոցների ռուսական դասարաններում սովորողների թվի, այլ երկրի քաղաքացիների և այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների մասին։ Ի պատասխան վերոնշյալ հարցերի մասին 04․09․2017թ․ 3/Ե-42 Երևանի քաղաքապետին ուղղված գրության, սեպտեմբերի 26-ին ստացել եմ համապատասխան ցուցակ, ըստ որի օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների ծնողների երեխաների համար ռուսական դասարաններում ընդունելություն իրականացնելու իրավունք են ստացել Երևանի 13 դպրոցներ, սակայն այդ ցուցակում կա մի դպրոց՝ Երևանի թ․ 192, որը, ըստ Կրթության տեսչական մարմնի 2018 թ․ ապրիլին ինձ տրամադրած տեղեկանքի, ներառված չէ ՀՀ ԿԳ նախարարի 12․07․2011թ․ N806-Ա/Ք հրամանով հաստատված ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ցանկում, այսինքն` այդ դպրոցում ռուսական դասարանների առկայությունն անօրինական է ու հայտի չէ, թե ի՞նչ հիմքով է այդ կրթությունը կազմակերպվում։

Ըստ Երևանի քաղաքապետի տրամադրած վերոնշյալ ցուցակի այդ 13 դպրոցների ռուսական դասարաններում սովորում է 2584 աշակերտ, որոնցից 1839-ը այլ երկրի քաղաքացիների երեխաներ են, 113-ը՝ այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաներ են, իսկ 632-ը՝ ՀՀ քաղաքացիների երեխաներ են, հիշենք ԿԳ նախարարի հրամանը․ « երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»։ Լուրջ կասկածի տակ կարելի է դնել նաև այս հրամանը խախտած տնօրենների համապատասխանությունն իրենց պաշտոնին, նրանք հավաստագիր են ստացել նաև այս հարցին ճիշտ պատասխան տալով։

Ուսումնասիրությունս շարունակվել է 2017թ․ նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետին ուղղված հաջորդ նամակով, որում ներկայացնելով վերոնշյալ թվերը, խնդրել եմ դպրոց առ դպրոց տեղերում ստուգել այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալների և ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաների փաստաթղթերի օրինականությունն ու տրամադրել համապատասխան տեղեկանք։ 2017թ․ նոյեմբերի 16-ին ստացել եմ պատասխան, որում գրված է, որ ՀՀ քաղաքացիների 632 երեխաները սովորում են ռուսական դասարաններում ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգով?, այնինչ․ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»

Շարունակելով ուսումնասիրությունս, նույն բովանդակությամբ նամակով 18․04․2018թ․ դիմել եմ Կրթության տեսչական մարմնի ղեկավարին ու նույն թվականի ապրիլի վերջին ստացել եմ պատասխան փաթեթ, որում նախ կան անհամապատասխանություններ քաղաքապետի տեղեկանքի և տեսչական մարմնի ներկայացրած թվերի միջև, երկրորդ՝ տեսչական մարմնի ղեկավարը հայտնում է, որ իրենք 2017թ․ մայիսի 15-19-ը իրականացրել են ռուսերենով ուսուցմամբ ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում սովորողների ընդունելության իրավական հիմքերի ուսումնասիրություն և արդյունքների վերլուծությունից հետո մայիսի 22-ին Տեսչության պետը գրությամբ Երևանի քաղաքապետին տեղեկացրել է, որ «․․․․անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի վարչական շրջանների՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից տրված խնամակալության մասին առանձին դրական եզրակացություններ ուսումնասիրել տեղերում և, ելնելով երեխաների շահերից, պարզել դրանց հիմնավորվածությունը։ Ձեր համաձայնությամբ իրականացվող ուսումնասիրության արդյունքում Ձեզ կներկայացվի վերոնշյալ գործընթացի՝ Երևան քաղաքում առկա ամփոփ պատկերը, և, ըստ անհրաժեշտության, այն կարգավորելու նպատակով կներկայացվեն մոտեցումներ՝ հետագա քննարկման համար։ Երևանի քաղաքապետի համաձայնությունն առ այսօր չենք ստացել։»

Պարոն վարչապետ, պարզ է, չէ՞, թե ի դեմս վարչական շրջանների Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովների, որոշ դեպքերում, անօրինական «դրական» եզրակացությունների, մեր պետության ժողովրդագրական խնդիրները լուծելու ՀՀ կառավարության ջանքերի դեմ ինչ կոռուպցիոն սխեմա է աշխատում։ Այս ուղղությամբ ձեռք-ձեռքի տված լրջորեն պետք է գործեն ԿԳ նախարարությունը, Երևանի քաղաքապետն ու մարզպետները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանի հետ միասին։

Այս երևույթը պետք է արմատախիլ արվի ու բոլոր այն պաշտոնյաները, ովքեր պետական շահը շարունակելու են ստորադասել ինչ որ նպատակների, պարզապես թող տեղ չունենան պետական ապարատում, հերի՛ք եղավ։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031