Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. Արայիկ Հարությունյանը համալսարանի ներքին կյանքին շատ քիչ է ծանոթ. «Ժողովուրդ»

Մարտ 27,2019 12:22

«Ժողովուրդ»  օրաթերթը  զրուցել  է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ

– Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասել է, որ Ձեր պաշտոնավարման մեջ լուրջ խնդիրներ է տեսնում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիրներ նկատի ունի նախարարը։

– Ես չեմ կարող ասել, որովհետեւ պարոն Հարությունյանը համալսարանի ներքին կյանքին շատ քիչ է ծանոթ, եւ համալսարանում ինչ է կատարվում, նա դրա մասին շատ հեռու պատկերացումներ ունի։ Նա սովորական, շարքային դասախոս է եղել եւ համալսարանի ներքին կյանքին նա ակտիվ չի էլ մասնակցել։ Թե ինչ նկատի ունի, ես դժվարանում եմ ասել։ Իսկ եթե խոսում է դեգրադացիայի մասին, հարց է ծագում՝ ինչու է այդպիսի դեգրադացված հիմնարկում աշխատել, թող գնար, ուրիշ տեղ աշխատեր։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա համալսարանի եւ համալսարանականների հասցեին լուրջ վիրավորանք է, եւ ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցրած մարդը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք դաստիարակված եւ մտավորական մարդը իրեն չպիտի թույլ տար։

Ինչ վերաբերում է ծրագրին, մեր ռազմավարական բարեփոխումներին, դրանք տարբեր բաներ են։ Ինքը չգիտի, որ ծրագիրը շատ հաջող իրականացվում է, նա չգիտի, որ համալսարանի վարկանիշը շատ բարձր է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ ոչ թե չգիտի, այլ շատ լավ էլ գիտի, ուղղակի ուզում է այդպես ներկայացնել։ Ինձ համար բավականին անհասկանալի է իր թշնամանքի աղբյուրը։ Այդ թշնամանքն ու ատելությունը, որը ինքը ունի իմ նկատմամբ, ինչ աղբյուր է դա, եւ ինչ խնդիր է ուզում լուծել։ Եթե ընդամենը ինձ պաշտոնանկ անելու խնդիր կա, հազիվ թե նման թշնամանք լիներ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մարդը եթե ինչ-որ բանի մասին խոսում է, նա պետք է լավ ինֆորմացված լինի դրանից։

– Այն տարիներին, երբ պարոն Հարությունյանը աշխատել է որպես դասախոս, Ձեր միջեւ խնդիրներ են եղե՞լ։

– Մենք շփումներ չենք ունեցել, որ նրա մոտ ատելություն առաջանա։ Նրա խորհրդականը՝ Սամվել Կարաբեկյանը, ունի ատելություն, եւ ես գիտեմ, թե ինչու։ Գուցե նա է ներշնչել այդ ատելությունը, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ նման տոնով խոսել եւ նման հայտարարություններ անելը հարիր չէ պետական պաշտոնյային եւ, ընդհանրապես, համալսարանականին։

– Ի՞նչ խնդիրներ եք ունեցել Սամվել Կարաբեկյանի հետ։

– Դե ժամանակին ես Կարաբեկյանին ազատել եմ համալսարանից իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, թեեւ նա հիմա շարունակում է մեզ մոտ որպես դասախոս աշխատել։ Խոսքը վարչական աշխատանքի մասին էր։ Ես սա համարում եմ զուտ աշխատանքային։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031