ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1961 թվականից մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: 1959թ. ԽՍՀՄ-ի կողմից է արվել այդ առաջարկը ու փաստորեն այս տարի լրանում է «խորհրդային» առաջարկի 60 տարին: Կա վիճակագրություն, որ երբեւէ, որեւէ ժամանակ ու որեւէ երկրում այնքան թատրոնի շենք չի կառուցվել, որքան խորհրդային կառավարման 70 տարիներին: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ թատրոնները պիտի փոխարինեին եկեղեցիներին եւ որպես հոգեւոր զարգացման միջավայր պետք է դառնար թատրոնի շենքը, արդեն ոչ միայն թատերական գործունեությամբ, այլեւ մշակույթի տարբեր ժանրերի ընդգրկմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ թատրոնը սինթետիկ արվեստ է ու իր արտահայտման մեջ կրում է արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Սա է պատճառը, որ այդ տարիներին սնկի նման աճում էին թատրոնները:
Մերօրյա Հայաստանին «հին» պետությունը ժառանգություն է թողել գուցեեւ մեր հանրության համար չափից ավելի շատ թատրոններ, ու քանի որ փոխված է պետական, քաղաքական, տնտեսական համակարգը, ապա մեր օրերում պետությունը փորձում է նվազեցնել թատրոններին հատկացվող պետական բյուջետային ծախսերը: Երեւի թե ճիշտ բան կա «Իմ քայլի» «այդ քայլի» մեջ, բայց, հավանաբար, ավելի հանդուրժողական կլիներ այդ քայլն անել ոչ այդքան հապշտապ եւ «շնչելու տեղ» տար թատրոնի աշխատողներին: Նոր Հայաստանի պետականության վերջին 30 տարիների պատմության ընթացքում շահագործվեց ընդամենը մեկ թատրոնի շենք. Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Սաֆարյան) 2018-19թթ. խաղաշրջանը սկսեց նոր շենքում:
Օրերս էլ վարչապետ Փաշինյանը ներկա գտնվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր անցկացվող «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը ավանդաբար կնշի մասնագիտական տոնը: «Առավոտի» տեղեկություններով՝ այդ մրցանակաբաշխության մասնակիցների ցանկում այս տարի տարբեր պատճառներով բացակայում են Երեւանի մնջախաղի, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Մհեր Մկրտչյան արտիստական, Գավառի Լեւոն Քալանթարի անվան, Կապանի Շիրվանզադեի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնները: Որոշ թատրոններ, օրինակ՝ Ստեփանակերտի եւ Վայոց ձորի, մասնագիտական տոնը կնշեն սեփական հարկի տակ: (Տոնական տրամադրությանը բացասաբար չազդելու նպատակով չենք խոսի դրա պատճառների մասին):
Թատրոնի միջազգային օրվա առիթով այսօր թատրոնի մարդիկ կհյուրընկալվեն Երեւանի քաղաքապետարանում, մշակույթի նախարարությունը կազմակերպել է միջոցառում, որը կկայանա Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Առաջին անգամ մասնագիտական տոնը Արցախում կնշի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Նախօրեին իրեն հատուկ հումորով պարոն Ղազանչյանն ասաց, որ Ստեփանակերտ է մեկնում ավարով: Թատերարվեստի երախտավորին մշակույթի նախարարությունը, Թատերական գործիչների միությունը, Երեւանի քաղաքապետարանը վստահել են իրենց պարգեւները՝ ոսկե մեդալներն ու պատվոգրերը, որոնք պարոն Ղազանչյանը անձամբ կհանձնի արցախցի դերասաններին: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն էլ վստահել է իր ուղերձը: Ըստ մեր տեղեկությունների՝ Երվանդ Ղազանչյանի «ավարի» մաս են կազմում մշակութաբան Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 15 հատորները: Ի դեպ, Ստեփանակերտի թատրոնին (գեղարվեստական ղեկավար՝ Ռուզան Խաչատրյան) վերջին անգամ հանդիպել ենք Ալավերդիում անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում:
Կարդացեք նաև
Թատրոնի միջազգային օրը տոն է հանդիսատեսի համար նույնպես եւ որքան էլ ցանկություն չունենանք, ինչպես վերեւում նշեցինք՝ տոնական տրամադրությանը բացասական երանգ չհաղորդել, այնուամենայնիվ, թատրոնների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում մեծ նշանակություն ունեցող «Թատրոնի մասին» օրենքի բացակայության մասին չենք կարող լռել: Ընդամենը մեջբերենք ժամանակին մեզ տված հարցազրույցներից մեկում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքը. «Օրենսդրական դաշտը, որում գործում է թատրոնը, բացարձակ չի համապատասխանում թատրոնի գործունեության բնույթին. ես նկատի ունեմ եւ հարկային դաշտը, եւ գնումների մասին օրենքը, եւ աշխատանքային օրենսգիրքը, եւ ՊՈԱԿ-ի մասին օրենքը, որին ենթարկվում է թատրոնը, որի վիճակն ավելի վատթարացավ ստեղծագործական տեսանկյունից, քանի որ ֆինանսական հաշիվներն անցան գանձապետարան: Մեր երկրում գործող օրենքները բացարձակապես հաշվի չեն առնում թատրոնի ստեղծագործական գործունեության բնույթը, իսկ օրենքը պարտադիր է այն երկրի համար, որն ուզում է զարգացնել մշակույթը: Խոսքը հովանավորչության, մեկենասության օենքի մասին է: Հնարավոր չէ միայն պետական աջակցությամբ կամ սեփական եկամուտներով զարգացնել արվեստը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
27.03.2019