Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատմում է, թե ինչպես են աշխատել ՀՀԿ-ի վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները՝ «օրթախ» բիզնեսներ դնելով

Մարտ 27,2019 11:31

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե անցյալ տարի ինչ քաղաքական իրադարձություններ են եղել երկրում, վարչապետի 5 ընտրություն, քաղաքապետի ընտրություն, նախագահի ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ նոր ընտրություն, հեղափոխություն. «Աշխարհում չեք գտնի մի երկիր, որտեղ լինի քաղաքական անկայունության շրջան ու դրան չի հետեւել խորը տնտեսական ռեցեսիոն գործընթացը: Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ն բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների բնույթով ու բովանդակությամբ, բացառիկ է նաեւ քաղաքական այդ իրողություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, մեզ հաջողվեց պահել մակրոտնտեսական կայունությունը, բայց հիմա ՀՀ-ն թեւակոխել է երկարատեւ կայունության շրջան, ինչը արտահայտվում է տնտեսության մեջ, արդեն սկսվել է արտահայտվել»:

Վարչապետն ասաց, որ շինարարության ոլորտում հետաքրքիր փոփոխություններ են, 20 տոկոսը գերազանցող աճ կա այդ ոլորտում, լրջագույն աճ կա հիփոթեքային վարկավորման ոլորտում, հիփոթեքային վարկավորումը փետրվարի նկատմամբ աճել է 100 տոկոսով:

Անցյալ տարվա մայիսից մինչ օրս մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ-ում: Սա նշանակում է ՀՀ քաղաքացիների վստահություն սեփական ապագայի նկատմամբ: Այն գումարները, որ կարող էին ծախսել արտագաղթի վրա, նրանք ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա, ինչը լավատեսական ամենակարեւոր դրսեւորումն է: Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական բումի նախաշեմին:

Նիկոլ Փաշինյանը մի քանի տնտեսական ցուցանիշներ հրապարակեց՝ արդյունաբերական արտադրանքի աճի, առեւտրի ծավալների մեծացման. «Սննդամթերքի արտադրությունը աճել է 25 տոկոսով, խմիչքների արտադրությունը՝ ավելի քան 30 տոկոսով, հագուստի արտադրությունը աճել է մոտ 15 տոկոսով, ծխախոտի արտադրությունը աճել է մոտ 17 տոկոսով»,- սա ասելուն պես վարչապետը կատակեց՝  Արսենը այստեղ չի չէ՞՝ նկատի ունենալով առողջապահության նախարարին:

Փաշինյանն ասաց, որ ոսկերչական իրերի արտահանումը նույնպես աճել է նախորդ տարվա համեմատ մոտ 74 տոկոսով:

Այս թվերը ներկայացնելով՝ վարչապետն ասաց՝ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ մենաշնորհները Հայաստանից արմատախիլ անելու գործում ունեն հաջողություններ, շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության մասնաբաժինը 78 տոկոս է,  բանան ներմուծողինը՝ 38 տոկոս: Նախկինում այս ոլորտները մենաշնորհային էին: Վարչապետը կարեւորեց, որ չնայած երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, որեւէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունը իր ձեռքից բիզնես է խլել ու տվել է այդ բիզնեսը ուրիշի:

Փաշինյանը համեմատեց իրենց տնտեսական մոդելը հին մոդելի հետ՝ ասելով. «Հին մոդելն այն է, որ կառավարությունը բիզնեսի հետ օրթախ է: Նախարարը, վարչապետը, փոխվարչապետը, ընդհուպ ԱԺ նախագահը գնում են մի հատ բիզնեսմեն են ճարում են, ասում են՝ լսի, արի մի հատ բիզնես դնենք, պիտի 20 տոկոս հարկ տաս, 20-ը չես տա, կտաս 5 տոկոս: Ներդրողն էլ ասում ՝ վերեւում տեղյա՞կ են, հա, ամեն ինչ նորմալ է: Եկեք խոստովանենք, ըստ էության, սա ՀՀ-ում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է: Հենց այս մոդելով են ՀՀ-ում արվել տնտեսական ներդրումներ: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, մեր պայքարը, հեղափոխությունը եկեք չմոռանանք, դա ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ հեղափոխությունը եղել է նաեւ տնտեսական մոդելի դեմ: ՀՀ տնտեսական միտքը 20 տարվա ընթացքում ադապտացվել է այդ մոդելին: Իրենք չեն հասկանում՝ ո՞նց կարող է առանց վարչապետի «դաբռոյի» երկրում ներդրումներ տեղի ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031