Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանը, որը Մեղրիի բնակիչ է, Մեղրիի դեպքերի իր վարկածն ունի։ «Այդ հրամանատարը մի քանի ամսվա հրամանատար է։ Մեղրիի զորամասի ղեկավար կազմը նոր է։ Գաղտնիք չի, որ բանակում արմատավորված է գողական բարքերով կառավարելու հեշտ մեթոդը։ Հրամկազմը փորձել է արմատախիլ անի այդ բարքերը, հանդիպել է դիմադրության, բայց հաջողություն ունեցել է»։
Ըստ Դավիթ Մաթեւոսյանի, գողական կառավարումը բանակում ձեւավորվել է Վազգեն Սարգսյանից հետո եւ Սեյրան Օհանյանի օրոք հասել է կատարելության։ «Մի կողմ դնելով Մեղրիի թեման, հրամանատարության կողմից արտոնություններ ունեցող ու փողոցային մտածողությամբ աչքի ընկնող զինվորներն ավելի ազդեցիկ են, քան միջին հրամանատարական կազմը, քան, ասենք, մի միջին սպա կամ կապիտան, որոնք շառից հեռու լինելու մտայնությամբ նկատեն, բայց չխառնվեն կանոնադրային հարաբերությունների խախտումներին։ Ես կարծում եմ՝ լավ կլինի, որ նախադեպ դառնա Մեղրիի զորամասի փորձը։ Այնտեղ փորձ է արվել արմատախիլ անել այդ գողական կառավարումը»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը։
Գուցե այդ արտոնյալ տղաների հետ պետք է աշխատե՞լ, նրանց հրամանատարական հատկություններն ավելի՞ ճիշտ հուն ուղղել։ Դավիթ Մաթեւոսյանը համաձայն չէ։ «Գողական աշխարհ ասվածը հայտնի է իր կազմակերպվածությամբ՝ վատ իմաստով կազմակերպվածությամբ։ Բանակում պետք է գործեն միայն կանոնադրային հարաբերություններ։ Ուրիշ բան է, որ ամբողջ աշխարհում էլ նրանց տանում են կարգապահական վաշտեր։ Հենց դա էլ արել են, որ հանդիպել են դիմադրության։ Եթե որեւէ գործոն խանգարում է կանոնադրական հարաբերություններին, այն պետք է չեզոքացվի»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում