Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Զեյնալյանին. «Եթե չեք ուզում, որ մենք ձեզ նախորդ ռեժիմի հետ համեմատենք, մի կրկնեք նրանց արածը»

Մարտ 27,2019 11:15

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվեցին կառավարության ներկայացած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում» եւ «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալու դեպքում առաջիկայում քվեարկության կդրվեն ԱԺ լիագումար նիստում:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ մեկ անգամ ՍԴ անդամի թեկնածու առաջադրված անձն այսուհետեւ կարող է կրկին առաջադրվել նույն պաշտոնում (գործող օրենքով սահմանված է «նոր թեկնածու» արտահայտությունը): «Անկեղծ ասեք, ինչո՞ւ եք հրատապ ուզում փոփոխել այդ օրենքը»,-նիստին ներկա Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Կարիք է եղել կարգավորումները՝ օրենսդրական բացը, հստակեցնել: Կառավարությունը հարցի քննարկումն ԱԺ-ին է ներկայացրել սեղմ ժամկետներում, քանի որ դա օրենքի պահանջ է: Մինչեւ ապրիլի մեկը պետք է ուժի մեջ մտնի»:

Մարուքյանին պատասխանը չբավարարեց, եւ նա պահանջեց հստակ ասել՝ ի՞նչ խնդիր է առաջացել, որ կառավարությունը որոշել է նման փոփոխություն իրականացնել: Արդարադատության նախարարը, սակայն, պնդեց իր նախորդ պատասխանը:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը համակարծիք էր Մարուքյանի հետ եւ իր հերթին հարցրեց. «Օրենքներում հրատապ՝ «վիրահատական» միջամտություններն արդյոք չեն պատրաստվո՞ւմ «ձոնել» կոնկրետ մարդկանց»: Ըստ պատգամավորի՝ եթե ՍԴ անդամի թեկնածու առաջադրվի, սակայն ԱԺ-ն նրա թեկնածությանը «դեմ» քվեարկի, կստացվի, որ թեկնածուի համար գործելու է «կրկին փորձիր» սկզբունքը, ինչն անհարգալից եւ վիրավորական վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակեց. «Այո, օրենքի ժամկետներին համապատասխան պետք է գործենք, բայց մտահոգություններ կան: Նախորդ ռեժիմի՝ քրեաօլիգարխիկ, խայտառակ, հանցավոր ռեժիմի ժամանակ կար այսպիսի գործընթաց՝ ԱԺ էին բերվում օրենքի նախագծեր եւ ընդունվում՝ ինչ-որ մարդու համար: Մենք՝ Արտակ Զեյնալյան, 5-րդ գումարման ԱԺ-ում ասում էինք, որ չի կարելի կոնկրետ մարդու համար օրենք ընդունել, դա վատ գործելաոճ է: Եւ հիմա՝ ժողովրդավար իշխանության ժամանակ, շարունակո՞ւմ ենք այդ գործելաոճը: Եթե չեք ուզում, որ մենք ձեզ նախորդի հետ համեմատենք, մի կրկնեք նույնը: Մենք «դեմ» ենք քվեարկելու այս օրինագծին, որովհետեւ նախորդ գործելաոճը շարունակվում է»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց. «Հարցը դեռ հանձնաժողովում է քննարկվում, իսկ դու ասում եք՝ «դեմ» եք քվեարկելո՞ւ…ձեր իրավունքն է, բայց նիստի արտահերթ լինելը պայմանավորված է օրենքի սահմանած ժամկետով, այլապես ես երբեք թույլ չէի տա հրատապ քննարկել սահմանադրական փոփոխությունները: Մեկ անձի վրա «կարած» օրենսդրությունը երբեք չի կարող օգտակար լինել»:

Արտակ Զեյնալյանն էլ միայն նշեց, որ ԱԺ-ն կաշկանդված է օրենսդրական պահանջներով եւ մինչեւ ապրիլի մեկը պետք է ընդունի նշյալ օրենսդրական փոփոխությունը, քանի որ գործող օրենքը ուժը կորցնում է ապրիլի մեկից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նա կընտրվեց՝ ԱԺ-ում բավարար քվորում չլինելու պատճառով: Այժմ էլ ՀՀ նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

https://www.facebook.com/aravot.am/videos/420797098681099/

https://www.facebook.com/aravot.am/videos/337576520204992/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031