Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, հուլիսից՝ զինծառայողներինը. Վարչապետի լավ լուրը

Մարտ 27,2019 10:42

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցը: Ու այն սկսվեց միանգամից մի քանի լավ լուրով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զեկույցը փետրվարին են պատրաստել, բայց դրան հաջորդել են մի շարք իրադարձություններ, ուստի հայտարարեց՝ ամփոփել են առաջին եռամսյակի արդյունքները ու հաշվարկել՝ 2019-ի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարենք 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է: Այսինքն, բյուջեի եկամուտները կլինեն այսքան ավելի, քան բյուջեով նախատեսել էին. «Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ իրավիճակ է, բավական երկար ժամանակ չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ բյուջեի ծավալները կգերակատարվեն, այն էլ՝ այսպիսի մեծ տոկոսով»: Նա ասաց, որ մտադրված են 2019-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019-ի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մոտ 38 հազար ուսուցիչների մասին է խոսքը: Բացի այդ, պլանավորել են շուրջ 300 կմ ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում իրականացնել: Ընդ որում, դրա մեջ չի մտնում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը: Վարչապետն ասաց, որ գիտեին, որ խնայողություններ կլինեին:

Թե ինչի հաշվին է, որ կարողացել են շուրջ 40 մլրդ-ով բյուջեի եկամտային մասն ավելացնել, վարչապետն ասաց, որ ՊԵԿ-ի՝ ստվերի դեմ պայքարի վարած քաղաքականության արդյունքն է. «Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, կիրառվում են բանակցման, վերլուծական մեթոդը»: Նա ասաց, որ ՊԵԿ-ը ծրագիր ունի ու կարողանում են տեղորոշել ռիսկային ոլորտները, ռիսկային տնտեսվարողներին:

Վարչապետը հիշեցրեց, որ զարմանում էին, երբ ասում էին՝ ՀԴՄ կտրոն պահանջեք, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրանան: Հիմա կարողացել են բարձրացնել ոչ միայն ուսուցիչների, այլեւ զինծառայողների աշխատավարձը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031