Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

Մարտ 27,2019 10:33

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։

Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031