Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսկի արտահանող ընկերությունը չգիտի օրենքի պահանջները

Մարտ 27,2019 13:00

Չարամտորեն խուսափում է վճարել դժբախտ պատահարի արդյունքում աշխատանքային խեղում ստացած քաղաքացուն հասանելիք վճարները:

Վարդենիսում բնակվող Տոլյա Նշանյանը 1976 թվականից մինչեւ 1985 թվականը աշխատել է Սոթքի ոսկու հանքում: 1984 թվականին աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով ստացել է աշխատանքային խեղում:

1984 թվականի նոյեմբեր ամսին քաղաքային սոցիալական բաժնի կողմից նշանակվել է հաշմանդամության 3-րդ խումբ, իսկ 1985 թվականի դեկտեմբերի 1- ին ստացել է անժամկետ հաշմանդամության 3-րդ կարգ եւ ազատվել է աշխատանքից հիվանդության պատճառով:

1984 -2005թթ. Սոթքի ոսկու հանքից ստացել է դրամական փոխհատուցում: 2005 թվականից ոսկու հանքի լուծարման պատճառով դադարել են վճարել դրամական փոխհատուցումը:

Տ. Նշանյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ -ի հայցադիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Խնդրել է ընկերությունից կապիտալացնել եւ հօգուտ իրեն բռնագանձել 1.591.500 ՀՀ դրամ, այն բանի համար, որ Սոթքի ոսկու հանքում աշխատելու ընթացքում 1984 թվականին աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետեւանքով ստացել է աշխատանքային խեղում, ինչի համար փոխհատուցում է ստացել մինչեւ 2005 թվականը: Քաղաքացիական գործը գտնվում է դատավոր Ա. Ոսկանյանի վարույթում:

Հերթական դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրել է գրություն, որը ըստ էության իրենից ներկայացնում է հայցադիմումի պատասխան, ընդ որում՝ չի նշել, որ դա հայցադիմումի պատասխան է: Նշել է, որ «հայցվորը չի բերել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր՝

1. Թե ինչ կազմակերպաիրավական ձեւի է եղել Սոթի (երեւի նկատի ուներ Սոթքի) ոսկու հանքավայրի կազմակերպությունը,

2. Որ ստացել է փոխհատուցում իրենից,

3. Ինչ չափի փոխհատուցում է ստացել,

4. Որ ժամանակահատվածի համար է ստացել,

5. Ինչ հիմքով է փոխհատուցում պահանջում ընկերությունից,

6. Արդյոք ընկերությունը պատասխանատու է (իրավահաջորդ է) Սոթքի ոսկու հանքավայրի համար» (մեջբերման ավարտը):

Հայտնել է, որ նաեւ՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն չի հանդիսանում որեւէ անձի իրավահաջորդը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086 հոդվածի համաձայն (Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում)՝

1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր:

Հայցվորը դատարանին ներկայացրել է գործին վերաբերող բոլոր փաստերն ու հիմնավորումները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճեններ, որոնք հաստատում են նրա առողջությանը պատճառված վնասը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իր դիմումի պատասխանի պատճեն, տեղեկանք հարկային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին, ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի N 579 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (պատճեն), 2005 -2018 թթ. չվճարված գումարի հաշվարկը:

Դատելով հայցադիմումի պատասխանի ձեւից ու բովանդակությունից՝ կարելի է պատկերացում կազմել գործող ընկերության՝ դժբախտ պատահարի պատճառով առողջությունը կորցրած նախկին աշխատողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին եւ ենթադրել, որ պատասխանող իրավաբանական անձ հանդիսացող ոսկի արտահանող ընկերությունը տեղեկացված չէ օրենքից ու գործող նորմատիվային նորմերից, կամ էլ չարամտորեն խուսափում է աշխատանքային խեղման արդյունքում տուժած քաղաքացուն վճարել նրան օրենքով հասանելիք փոխհատուցման գումարները:

Խ. ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ

26.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031