Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղճ ոստիկանի» վարկային պատմությանը խառնված էր «ՊՆ աշխատակից»

Մարտ 27,2019 13:30

Ոստիկանության աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել

Քրիստինե Ստեփանյանը հայտնվել է ծանր կացության առաջ: Նա իր երբեմնի ծանոթի` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակցի` Դավիթ Սահակյանի դեմ հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:

Ք. Ստեփանյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Ք. Ստեփանյանն «Առավոտին» հայտնեց, որ ՀՔԾ-ն մերժել է իր որոշմամբ քրեական հետապնդում իրականացնել, եւ նա իր փաստաբանի հետ բողոք են ներկայացրել դատաարան, վիճարկելու համար այդ որոշումը:

Ըստ այդ հաղորդման, ոստիկանության պաշտոնատար անձը խնդրել է Քրիստինեին իրեն տալ երկու միլիոն դրամ գումար, քանի որ նրա ասելով՝ գտնվել է նյութական ծանր վիճակում:

Պատմությունը սկսվել է անցյալ տարվա հունվարին:

Ք. Ստեփանյանը վստահել է ոստիկանին այնքան, որ անձնագիրը վստահել է նրան, ասելով, թե վարկային պատմությունների մասին տեղյակ չէ:

Մի քանի օր հետո, ինչպես զրուցակիցս է պատմում, Դավիթն իրեն ասել է. «Ընկերս՝ Էդգարն ասաց` վարկը կլինի, նա օրենքները լավ գիտի»:

Դավիթն իր երկու ընկերների հետ հանդիպում են Կիեւյան կամրջի մոտ գտնվող «Տաշիր պիցցա» սրճարանի մոտ, մեքենայով գնում բանկ, Քրիստինեն առանց կարդալու ստորագրում է Էդգարի տված փաստաթղթի տակ:

Խոսքը 2 200 000 վարկի մասին է:

Երբ Քրիստինեն դուրս է գալիս բանկից, ավտոմեքենայում Էդգարը վերցնում է բանկի բոլոր փաստաթղթերը, նույնականացման քարտը, նաեւ ասում է` իրենց անունը ոչ մի տեղ չտա, իրենց էլ մոռանա:

Հաջորդ օրը Քրիստինեն գնացել է բանկ, որպեսզի վարկային գործարքը չեղյալ համարի, սակայն նրանից խնդրել են նույնականացման քարտը: Զանգում է Դավիթին, որը մեկ այլ ընկերոջ հետ գալիս է բանկի մոտ, խնդրում Քրիստինեին՝ չհրաժարվել վարկային գծից, քանի որ նրանց ասելով՝ փրկությունը Քրիստինեի ձեռքերում էր, Դավիթն էլ որեւէ մեկը չուներ:

ՀՔԾ-ի հաղորդման մեջ Քրիստինեն գրել էր, որ բանկի մոտ Դավիթը նաեւ սպառնացել էր:

«Առավոտին» Քրիստինեն ասաց, թե քննիչի մոտ էլ հայտնել է. «Քարտն ինձ մոտ այդպես էլ չի եղել, որեւէ լումա չեմ տեսել, չեմ ծախսել: Նա իր ընկերների հետ գումարը ստացել է ամբողջությամբ, բանկին որեւէ վճարում չի կատարել»:

Առերես հարցաքննության ժամանակ տուժողն այս ամենը պնդել էր, նաեւ տեղեկացել է քննության ժամանակ, որ որեւէ ծանր նյութական վիճակ չի եղել, եւ իրեն խաբել են:

ՀՔԾ որոշմամբ տեղեկանում ենք, որ ոստիկանը, նրա ընկերները նույնպես ցուցմունք են տվել, մասնավորապես, Դ. Սահակյանը հայտնել էր, թե Քրիստինեին ասել է, թե ունի գումարային խնդիրներ, եւ նրա առաջարկով են վարկ վերցրել, ինքը բանկային քարտը չի վերցրել, որ Քրիստինեն իրեն տվել է յոթհարյուր հազար դրամ, իսկ մնացածը նա ծախսել է ըստ հայեցողության, կես միլիոն դրամ էլ Քրիստինեն տվել է իր ընկերոջը: Այդ տղային ընդհանրապես չեն կանչել նախաքննության մարմին:

Էդգարը նույնպես Դավիթի մանկության ընկերներից է, նա էլ ցուցմունք էր տվել, որ ինքն ընդամենը Դավիթի խնդրանքով Քրիստինեին տեղափոխել է բանկ ու հեռացել:

Քննիչին Քրիստինեն հայտնել էր, որ Էդգարի միջոցով են վարկ տվել, ինքը որեւէ տեղ չէր աշխատել, եւ Էդգարն է ասել, թե ՊՆ աշխատակից կձեւակերպեն:

Այս դրվագով, Էդգարը քննիչի մոտ ցուցունք էր տվել, թե ինքը Քրիստինեին աշխատանքի եւ աշխատավարձի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի տրամադրել, եւ այդ տեղեկությունները ճիշտ չեն, իրականությանը չեն համապատասխանում:

ՀՔԾ-ն հարցաքննել է նաեւ նշյալ ՊՆ զորամասի պատասխանատուներին` հրամանատարին, նյութական պատասխանատուին. նրանք չեն ճանաչել ենթադրյալ ամբաստանյալին, իրենց «աշխատակցին»՝ Քրիստինեին, նաեւ հայտնել են, թե ՊՆ փաստաթուղթը` Ք. Ստեփանյանի անվամբ տրված աշխատանքի եւ աշխատավարձի վերաբերյալ, կեղծ է, ստորագրություններն էլ իրենցը չէ:

ՊՆ այդ զորամասից տրված տեղեկանքի համաձայն, Քրիստինեն ամեն ամիս ստացել է 220 000 դրամ աշխատավարձ:

Մեկ այլ վկա՝ Դավիթի ընկերներից, հրաժարվել էր, թե ճանաչում է ընդհանրապես Քրիստինեին:

Ի դեպ, բանկոմատի տեսանկարահանող սարքի տեսանյութի համաձայն, որին հղում էր կատարել քննիչը, կանխիկացում կատարող երիտասարդի կողքին եղել է մեկը նույնպես, սակայն նրանց դեմքը պարզ չի եղել:

Հանցակազմի բացակայության հիմքով քննիչը որոշում է կայացրել Դավիթի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի եւ 325 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով` խարդախության, վստահությունը չարաշահելու:

Այս ամենը, ըստ ՀՔԾ քննիչի, քաղաքացիաիրավական հարաբերություններ են, եւ պետք է լուծումը տրվի Քաղաքացիադատավարական օրենսգրքին համապատասխան:

ՊՆ-ի դրվագով որոշման մեջ տող չկա՝ ով, ինչպես, երբ է ՊՆ աշխատակից դարձրել մեկին, որը կարողացել է բանկից գումար ստանալ համաձայն այդ տեղեկանքի:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի գնահատմամբ, քննությունը կատարվել է թերի, քննիչը զրկել է իր վստահորդին ծանոթանալ գործի նյութերին, արժանահավատ է համարել ոստիկանի եւ նրա ընկերների ցուցմունքները:

Փաստաբանի գնահատմամբ, վկաներից չի հարցաքննվել Քրիստինեի ընկերուհին, որը էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղյակ է եղել:

Չեն լսվել բանկի մասնաճյուղի աշխատակիցները, չի ստուգվել կապը ենթադրյալ խմբի անդամների հետ, չի ստուգվել տղաների գումարների շարժը, կեղծ փաստաթուղթը տվողի անձը չի պարզվել: Փաստաբանը պահանջում է վերսկսել քննությունը, իրականացնել բազմակողմանի քննություն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031