Լրահոս
Օրվա լրահոսը

Քիթ. փոխե՞լ, թե՞ չփոխել

Մարտ 27,2019 12:00

20-ամյա Արմինեն դեռ մի քանի ամիս առաջ իրեն ուղղված ցանկացած հայացք մեկնաբանում էր այսպես. «Նայում են, որովհետեւ քիթս տգեղ է»: Չնայած ծանոթները վստահեցնում էին, որ մտահոգություններն անհիմն են: Քթի մասին մտածելով անցկացրած անքուն գիշերներից ազատվեց միայն պլաստիկ վիրաբույժի միջամտությունից հետո: Արմինեն չի հիշում՝ երբ սկսեց ամեն օր քթի վրա նոր թերություն գտնել, բայց բանը հասավ անգամ սեփական աչքերին չվստահելուն. «Նայում էի հայելուն ու մտածում, որ ամեն ինչ էնքան էլ վատ չի, հետո ինքս ինձ ասում՝ չէ՛, խաբում է հայելին, սկսում ինձ գեշ դիրքերից նկարել»: Հորեղբոր կատակով ասած՝ «Պետք չի շպարվել. մի տանջի քեզ, մեկ ա՝ գեշ ես», բարեկամներից երբեմն լսած՝ «Քույրդ ավելի սիրուն ա» արտահայտությունները դաջվել են Արմինեի հիշողության մեջ ու հավանաբար դարձել բազմաթիվ բարդույթների հիմք:

Լուծումը մեկն էր՝ վիրահատություն, սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր. այս անգամ էլ հանգիստը կորցրեց վախերի պատճառով. «Գուգլում» փնտրում էի «քթի վիրահատության վատ հետեւանքները» ու նայում ամենասարսափելիները: Վախենում էի, որ ինձ հետ էլ նույնը կլինի, եղածն էլ կփչացնեն: Էդպես քանի՜ անքուն գիշեր եմ անցկացրել»: Մոտ 10 բժշկի այցելելուց հետո Արմինեն գտավ այն մեկին, ում վստահեց ու վիրահատվեց, բարեբախտաբար, առանց «Գուգլում» տեղ գտնելու արժանի վատ հետեւանքների:

Հիմա, երբ հետվիրահատական փուլն անցել է, ի՞նչ փոխվեց հարցին հստակ պատասխան ունի՝ ոչինչ: Միշտ մտածել է, որ ուզած քիթն ունենալը կլուծեր իր բոլոր խնդիրները, այժմ ասում է. «Քիթս վիրահատեցի, բայց մտածում եմ՝ դունչս գեշ է, ու եթե սիրուն լիներ՝ կյանքս շատ ավելի լավը կլիներ»:

Պրակտիկ հոգեթերապեւտ, հոգեբան-խորհրդատու Իզաբելլա Ղազարյանի խոսքերով՝ սովորաբար վիրահատությունից հետո մարդկանց մոտ տրամադրության բարձրացում, ապագայի հանդեպ լավատեսություն է նկատվում, բայց 3 ամիս անց ցուցանիշներն իջնում են, որովհետեւ գալիս է գիտակցումը, որ քիթը չէր խանգարում: Հոգեբանը կարծում է, որ մարդը կարող է իր վրա աշխատելով ընդունել իրեն նաեւ թերի կողմերով՝ մեկ ամբողջության մեջ: Սակայն այսօր մարդկանց վիրահատության հասցնող պատճառները բազմազան են. սոցցանցեր, որտեղ բոլորն իրենց ցույց են տալիս լավագույն կողմերով ու նայողի մոտ անբավարարվածության զգացողություն առաջացնում, արտաքին թերությունները շտկելով կյանքի թերի կողմերը լցնելու հույս եւ այլն: Ղազարյանի խոսքերով՝ մեծ դեր ունի նաեւ մանկուց սերմանվող ներշնչանքը, ինչը Հայաստանում գործում է հատկապես աղջիկների համար. «Այստեղ տղաներին մեծամասամբ դաստիարակում են «Քեզ ամեն ինչ կարելի է, այդ թվում մեծ քիթ ունենալ», իսկ աղջիկներին՝ «Պիտի նենց անես, որ դուր գաս» սկզբունքներով: Աղջկան պետք է «ուզեն», իսկ ուզում են լավը, սիրունը: Տղամարդու արտաքինի հանդեպ պահանջներ գրեթե չկան»: Ղազարյանը կարծում է՝ սկզբից արժի բացել հոգեբանի, ոչ թե վիրաբույժի դուռը, հասկանալու համար՝ որն է մոտիվացիան: Այս մտքի հետ համաձայն է նաեւ պլաստիկ վիրաբույժ Արմեն Մինասյանը, ով 1 ամսում 15-ից ավելի վիրահատություն է իրականացնում: Նրա խոսքերով՝ հիմնականում դիմում են 20-30 տարեկանները, սակայն մեծահասակները եւս քիչ չեն. իր ամենատարեց հաճախորդը 56 տարեկան մի կին է եղել:

Մինասյանը վիրահատություն իրականացնելուց հրաժարվում է 3 դեպքում:

Երբ այցելուն միլիմետրային փոփոխություն է ուզում, այսինքն՝ խնդիրը հոգեբանական է, երբ այցելուն ցանկանում է արդյունք, որն իր քթից անհնար է ստանալ, երբ կա վիրահատությունների հետ կապված առողջական հակացուցումներ:

Մնացած դեպքերում մարդը բժշկի մոտ գնալու հաջորդ օրը կարող է հանձնել անհրաժեշտ անալիզներ, մյուս օրը՝ վիրահատվել, 1-2 օր հետո՝ դուրս գրվել հիվանդանոցից եւ 6-12 ամիս անց տեսնել իր նոր քիթը՝ ամբողջովին կազմավորված: Վիրահատության բուն ընթացքը տեւում է 2-3 ժամ:

Բժիշկը չի բացառում, որ կարող են խնդիրներ առաջանալ. «Մարդն աշխատում է մարդու հետ եւ բարդություններ հնարավոր են ինչպես մյուս մասնագետների, այնպես էլ բժիշկների մոտ»: Ամենամեծ բարդությունը կարող է կապված լինել շնչառության հետ. Մինասյանը դա նմանեցնում է վատ հիմքի վրա կառուցված գեղեցիկ շենքի: Սա կհանգեցնի կրկնակի վիրահատության, որը կարելի է իրականացնել առաջինից 6-9 ամիս անց: Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները վիրահատությունից առաջ երբեմն ցանկանում են ծանոթանալ հարցին նաեւ կրոնական տեսանկյունից: Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքերով՝ ցանկացած արհեստական միջամտություն, իբր թե Աստծու արարչությունը ավելի շտկելու, ավելի սրբագրելու առումով, միանշանակ դատապարտելի է, սակայն տարբեր իրավիճակներ պետք է դիտարկել առանձին. «Եթե խնդիրը մարդուն խանգարում է ապրել, հասարակության մեջ դուրս գալ, լիարժեք իրացնել իր կարողությունները, ապա կարելի է, բայց եթե դա արվում է կոկետության, ավելի սիրուն երեւալու, գայթակղիչ տեսք ունենալու համար, իհարկե՝ մերժելի է»: Այսօր Հայաստանում ցանկացած քիթ ունենալու համար անհրաժեշտ է հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ լինել վիրահատության, լինել 18-21 տարեկանից մեծ եւ ունենալ 250.000-1 մլն. դրամ գումար, բայց այս ամենի առկայության դեպքում անգամ արժե մի պահ կանգ առնել, հասկանալ իրական դրդապատճառներն ու քայլին դիմելու անհրաժեշտությունը, խոսել մասնագետների հետ եւ ընդունել խելամիտ խորհուրդները: Այլապես ի՞նչ փոխվեց վիրահատությունից հետո հարցին միակ ու անխուսափելի պատասխանը գուցե լինի պարզ՝ ոչինչ:

ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՊՈՒԿՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031