«Հայաստանը գնալով ավելի է լայնացնում ու խորացնում իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-այսօր «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ժամանակ ասաց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը: Միջոցառումը կազմակերպվել էր հիմնադրամի 10 տասնամյակի առիթով: Ըստ նրա վերջին տարիներին Հայաստանը շատ խելամիտ արտաքին քաղաքականություն է վարում եւ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, իր հարաբերությունները զարգացնում է Եվրամիության հետ. «Ոմանք այս ցանկության մեջ հակասություն են տեսնում, բայց մեզ համար դա հակասություն չէ։ Մենք համոզված ենք, որ այս համադրությունն առաջնորդվում է ոչ թե կա՜մ-կա՜մի այլ՝ ե՜ւ- ե՜ւ-ի սկզբունքով»:
Պարոն Թոմաս Շրապելը նաեւ ասաց՝«ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքական պատասխանատվություն կրող անձանց ցանկությունը 2017 թվականին որակապես ավելի բարձր մակարդակի է բարձրացվել։ Կարելի է ասել, որ այս ցանկությունն ինստիտուցիոնալիզացվել է եւ կան նաեւ համապատասխան պայմանավորվածություններ, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ միջոցառումները գնալով ավելի կշատանան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ