Aravot.am-ի զրուցակից է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը
-Մեղրու զորամասում աննախադեպ բան կատարվեց, զինվորները դուրս եկան փողոց եւ հրաժարվեցին սափրվել, ձեր կարծիքով, թուլացե՞լ է վերահսկողությունը զորամասում։
– Չեմ ուզում ուժեղ երեւալ եւ ձեր ամենացավոտ հարցին պատասխանել սառնասրտորեն, չեմ կարող, որովհետեւ պիտի ասեմ՝ այդ դեպքի մասին իմանալուց հետո ես չեմ կարողանում քնել, ես մտահոգ եմ, անհանգիստ, ես զայրացած եմ, շատ զայրացած։ Սա ամենավտանգավորն էր, որ կատարվեց եւ պիտի սրա դեմն առնել: Իրականում, այն ինչ նախապատրաստվեց եւ իրականացվեց մեր պետության ներսում, հասարակությունը բաժանվեց սեւերի եւ սպիտակների, հիմա, փորձ է արվում իրականացնել բանակում: Զինված ուժերը պետք է աչալուրջ լինեն: Թշնամին որդի պես սողոսկել է մեր սրբություն, մեր պաշտպանական ամրոց, մեր անվտանգության ամրոց եւ որդի պես փորձում է ներսից քանդել մեր անառիկ բերդը, այն, ինչով մենք ապահով ենք, այն ինչով մենք հպարտանում ենք, այն, ինչը մեր անկախ պետության միակ անթերի եւ բացառիկ կայացած կառույցն է։ Բոլոր դրսերից փողեր ստացած, հազար ու մի ՀԿ-ներ բացած եւ դրսի փողերով, հղփացածներին, այսօր հայոց մաքուր լեզուն աղավաղած, խորհրդարանում այլալեզու շեշտադրումներով խոսող որոշ տիկինների եւ տղեկների պիտի ծնկի բերել, թույլ չտալ, որ բանակը եւս դարձնեն իրենց պապաների հանձնարարականների դաշտը, բանակը եթե վտանգվեց, բոլորն են վտանգի մեջ, էլ ինչ բանակցային սեղան, էլ ինչ վերելակ կամ բանակցություն, էլ ինչ՝ ուղղաթիռով Արցախ թռչել, այս ամենը կարելի է մոռանալ եւ ետ ընկնել եւս հարյուր տարով։ Իսկ թշնամին հենց սրան է սպասում եւ իմ կոչն է այսօրվա վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ, ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր, որովհետեւ մնացած ամեն ինչ քեզ կներվի, իսկ բանակի եւ երկրի անվտանգության տապալումը քեզ ոչ ոք չի ների, ոչ այսօր, ոչ հարյուր տարի հետո։
– Կառավարությունը որոշեց, որ ապրիլի վերջին շաբաթը պիտի տոն լինի, քաղաքացու տոն, դուք սոցիալական ցանցում գրել էիք, որ դա լավ չի, թող ապրիլի 24-ի անունն էլ փոխեն եւ «դըմբ-դըմբ-հու»-ով գնան առաջ: Կարծում եք կառավարությունը լավ որոշում չի կայացրե՞լ։ Ձեր համեմատությունը կարծես կոշտ էր:
Կարդացեք նաև
– Քաղաքա՞ցու օր, ապրիլի՞ն, իբր՝ ի՞նչ, կառավարությունից նույն քաղաքացին այլ որոշումներ է ակնկալում, սպասում է կոնկրետ գործերի, իսկ կառավարությունը թիթեռ է նկարում, կարծում եք՝ կո՞շտ եմ, բնավ։ Ավելորդ եմ համարում կրկին ասել, որ սա իշխանության եկած ուժի հերթական ատելության դրսեւորումն է, հերթական սեւերի եւ սպիտակների բաժանման փորձը, սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սիրո եւ համերաշխության մասին խոսողների համար այդ բառերը այլաբանական իմաստ ունեն, նրանք ասում են սեր, հասկանում են ատելություն, ասում են համերաշխություն, հասկանում են առճակատում, կռիվ եւ անհանդուրժողականություն։ Եթե որոշել են, անելու են, տոնելու են բազմագույն փուչիկներով եւ տրաք-տրաքոցով, աղաղակով, թող տոնեն, հե՞տո, իբր՝ ինչ, իսկ այն մարդիկ, որոնք այդ պլյուս-մինուսների մեջ չկան, որոնք այս փոփոխությունների զոհն են, այն 10 հազար պետական պաշտոնյաները, նրանց գումարվելու են եւս մի քանի տասնյակ հազարներ, այ, այդ մարդիկ ո՞ւմ քաղաքացիներն են, կամ՝ քաղաքա՞ցի են, առհասարակ։ Ավելի տափակ եւ չարամիտ որոշում դժվար է պատկերացնել. Հայոց ցեղասպանության օրվան հաջորդող օրերին, մի քիչ մտածելը չէր խանգարի, կանգ առնելն ու խորհելը չէր խանգարի։ Գիտե՞ք, այլեւս սա էլ էական չէ, կանցնի, այսպես չի մնա, բայց՝ դեռ ինչեր են լինելու…
– Դուք ի՞նչ եք ակնարկում, կարծում եք, կլինեն նաեւ այս կարգի ա՞յլ որոշումներ։
– Ոչինչ էլ չեմ ակնարկում, այլ շատ հստակ ասում եմ՝ սա չի կարող երկար շարունակվել, շատ լուրջ խաղադրույք է դրված այսօր սեղանին եւ ուզի թե չուզի, Փաշինյանը պիտի քայլ անի, Աստված տա, սխալները եւ ինքնահիացումը չհասցնեն այնտեղ, որ զոհասեղան դառնա այն, ինչն այսօր վտանգի մեջ է։
– Դուք ակնկալում էիք արա՞գ փոփոխություններ։
– Քավ լիցի, ինքս երբեք այն մարդկանց թվին չեմ եղել եւ չեմ, որոնք ակնկալում էին, թե նոր իշխանությունը եկած-չեկած պիտի արմատապես փոխեր ամեն ինչ եւ ստեղծեր մեր/իրենց/, բոլորիս երազած Հայաստանը, ես Փաշինյանի չափ միամիտ չեմ, որ հավատամ կախարդական փայտիկներին, բայց եւ ակնկալում էի, որ համաժողովրդական այս սպասումը, լավի, դրականի ակնկալիքը փուլ-առ փուլ, քայլ առ քայլ կարվեր եւ կլինեին համեմատաբար տեսանելի, շոշափելի փոփոխություններ։ Չեղավ եւ չի լինի, որովհետեւ չկա կամքը, կան՝ կոչեր, հոխորտանք, սպառնալիք։ «Օլիգարխներ այլեւս չկան» ասելով, օլիգարխները չվերացան, «կոռուպցիա չկա» ասելով, կոռուպցիան չվերացավ, «մենաշնորհ չկա» ասելով, մենաշնորհը չվերացավ, կարմիր գծերը կան, բայց մերն են ասելով, այդ գծերը չվերացան, աշխատատեղեր չկան, տնտեսությունը թույլ շնչառություն ունի, բյուջեի մուտքերը նվազ են, իսկ ՀԴՄ պահանջելու մասին կոչերը լավ սցենարիստի ձեռքին կարգին սերիալ կարող են դառնալ։
-ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին, աղմուկի առիթ դարձավ, անգամ իրավապահ մարմինները որոշեցին քննել 1998-ի ընտրությունները, ըստ ձեզ, ինչո՞ւ խոսեց Շիրխանյանը։
– Սա եւս կարգին սերիալի մոտիվներով է, այո, թող քննեն, բայց ազնիվ թող լինեն եւ սկսեն 1996-ից, թող ավելի հեռուն գնան եւ սկսեն 1991-ից, հետո հետ գան մեր ժամանակներ եւ էլի լիքը հարցեր քննեն, թող քննեն թե ինչու, ինչ հիմքով էր Շիրխանյանն ուզում դառնալ վարչապետ, երբ Վազգեն Սարգսյանը դեռ անգամ հուղարկավորված չէր, իսկ ավելի լավ այս մասին Արամ Զավենիչն էր ասել՝ ով վեր է կենում Քոչարյանին նամակ է գրում, տղա էիք, այն ժամանակ գրեիք, երբ նա նախագահն էր։
Իսկ՝ առհասարակ, ժամանակն է դադարեցնել մասսայական տեսարանները եւ անցնել կոնկրետ գործի, մասսովկաների լիմիտը սպառված է, մարդիկ ուզում են կոնկրետ եւ ուզում են հիմա, ապացույցը՝ ամենօրյա բողոքի ակցիաները այս կամ այն գյուղում, դպրոցում, կառավարության մոտ, նախարարությունների մոտ, սա մեծանալու է, եւ քշելու է, չխնայելով…
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հրամանատարի հրամանը հնարավոր չէ չկատարել: Իսկ եթե ակնհայտ ապօրինի հրաման է, որով հրամայվում է հանցագործություն կատարել, այդ դեպքում զինծառայողը կարող է չկատարել այն»:
եթե բանակում խախտվում են նրանց իրավունքները, դիմեն վերադաս հրամանատարությանը, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարին: Եթե նրանք ի զորու չեն, արդեն կարող են իրենց շահերը պաշտպանել, դիմելով մյուս իրավասու ատյաններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, փաստաբանական համայնք և մինչև դատական եղանակով բողոքարկեն:
Իսկ ընդհանրապես չկատարել հրամանատարի հրամանը, նույնիսկ եթե դրանով խախտվում են զինծառայողի իրավունքները, զինվորն իրավունք չունի.
Բունտ արած զինվորներին պետք է խիստ պատժել օրենքի սահմաններում:Հակառակ դեպքում մի օր էլ իրենց վստահված սահմանները կլքեն:
Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
Աղասի
Այո, անարժանապատիվ ու անազնիվ տիկնայք և պարոնայք, (Մարգարիտ Եսայան)
ձեր դատարկ ճմարտականությունը բոլորովին չի տպավորում, իսկ բարոյական տեսանկյունից իրավունք էլ չի տալիս քննադատելու, նույնիսկ եթե իրավացի եք: Զեր գնացն արդեն մեկընդմիշտ լքել է ծուռ հայելիների կայարանը: Եթե իմաստություն ունենայիք և մի քիչ էլ ամոթ, ապա մի քանի տարի պարզապես կլռեիք: Բայց…..
Թավշյա հեղափոխության օրերին Կանադայում էի: Շփվում էի վերջին ալիքի 10-20 տարի առաջ այնտեղ տեղափոխված մեր հայրենակիցների հետ (հյուրընկալվում էի երեխաներիս մոտ): Նրանք բոլորը այն սերունդն է, որը և պատերազմ էր անցել մարտի դաշտում, և ցուրթ ու մութ տարիներին կրթվել, աշխատել, գոյատևել՝ այսինքն այն սերունդն է, որն «ընբոշխնել» է մեր երկիրը այդ համակարգի ներքո: Դժվարանում եմ նկարագրել այն խանդավառությունը, որը տիրել էր նրանց: Ամենուրեք և անվերջ խոսում և խոսում էին, տեղյակ էին ամեն ինչից, գիշերները ուղիղ եթերով հետևում իրադարձությունների ընթացքին: Ես հիմնականում լռում էի, քանի որ խոսալու անհրաժեշտություն չկար՝ մենք բոլորս համակարծիք էինք, իսկ նրանց ոչ ուրախությանը սահման կար, ոչ էլ զայրույթին: Երիտասարդ տղամարդկանցից մեկը, ինձ դիմելով, ասեց. “Ձեր սերունդը մեղավոր է, որ թույլ տվեց ռազմի դաշտում արյան գնով վաստակաց մեր հաղթանակի արդյունքում այսպիսի երկիր ունենանք”: Մեծահասակ կանանցից մեկն էլ, որը ամեն օր հետևում էր իրադարձություններին և մեր քաղաքական կյանքին, ասած «Ազգային ժողովի պատգամավորներից ամենա առաջինը (ամբողջությամբ չեմ կարող արտաբերել պատիժը) Մարգարիտ Եսայանին և Կարինե Խանջյանին:» Այս անունները երբ լսեցի, հասկացա որ օվկիանոսից այն կողմ ապրող այս մարդիկ, մեզանից ոչ պակաս են ճանաչում և հասկանում, ով ով է: Մի զայրացեք: Սա է իրողությունը: Միայն մի դիտարկում, այս անհանդուրժողականության և ատելության ալիքը, որը իրոք կա երկու կողմից էլ, երկար տարիների հանդուրժողականության և անիմաստ համբերության արդյունք է: Մարդիկ հանդուրժում և համբերում էին, մտածելով կայունության հարց կա, պատերազմի հարց կա, իսկ սրանք լրիվ իրականությունից կտրվել էին և մի բան էլ իրենց թվում էր, որ պետականություն են «կերտում»: Այս երկու «կառկառուն» տիկինները, ՀՀԿ-ի առաջամարտիկներ են, համակարգի պաթալոգիկ նվիրյալներ: Նրանք երկրում տեղի ունեցող յուրաքանչուր «փուշը» խառնելով ՀՀԿ-ի ֆիրմային մաղձի հետ, կաշխատեն հանել ներկայիս կառավարության դեմ, մոռանալով իրենց «աչքի գերանը»: Մի գլուխ այս 10 ամիսներն են մատնանշում, մոռանալով տասնամյակների իրենց անբարո գործունեությունը ի նպաստ ավազակապետության․ Մի խոսքով, ծանր դեպք է: Դե արի, այսպիսիների հետ լեզու գտի:
Ես 2018 թ -ի մայիսի 1 -ի ընտրության օրը չեմ կարող մոռանալ: Նողկանքով եմ հիշում այդ անխիղճ, ագահ, տգետ՝ դրսում ժամեր շարունակ կանգնած մեր ժողովրդի դարդին ու ցավին անտարբեր, իսկ ուրախությանն անհաղորդ, մարդանման, սակայն մարդկային կերպարանքը վերջնականորեն կորցրած հիսունհինգ ,, բառ չեմ գտնում, որ թե՛ պատշատության սահմանը չանցնեմ և թե՛ ամբողջությամբ բնութագրող մի բառ գրեմ,,…. երևի շնչավոր գոյերին: Նույնիսկ մեր ոսկեղենիկ հայերենն անակնկալի եկավ……: Այո, մի շաաատ վատ բան կատարվեց, բայց դա եղավ լավի սկիզբը: Ուստի, անարժանապատիվ ու անազնիվ տիկնայք և պարոնայք, լռե՛ք, ի սեր Աստուծո: Նախ ձեր մարդկային կերպարանքը վերագտեք ու խոսելու իրավունք վաստակեք: Դուք դա այս պահին պարզապես չունեք: Համայն Հայ Ժողովուրդը ձեզ այդ իրավունքից զրկել է: Մի չարաշահեք մեր Ժողովրդի համբերությունն ու մեծահոգությունը: Դա վերաբերում է նաև այսօրվա հայ մամուլի մեծ մասին: Բազմավոլտ հոսանքի հետ խաղալ մեղմ ասած չի կարելի: Այստեղ են ասել. սելը չի ճռռում՝ սելվորն է ճռռում: