«ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշներից մեկը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնագիրն է, որը վավերացվել է Հայաստանի եւ տասը անդամ երկրների կողմից, եւ ակնկալվում է, որ շուտով կվավերացվի Շվեդիայի ու Գերմանիայի կողմից: Ի հեճուկս բոլոր հոռետեսական տրամադրությունների՝ ՀՀ-ն առաջ է շարժվում համաձայնագրի կիրարկման գործընթացում»,-այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» միջոցառման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա համոզմամբ, Հայաստանը եւ նրա եվրոպական գործընկերները խոսում են նույն լեզվով եւ լիարժեք փոխըմբռնումով, ինչը պարարտ հող է ստեղծում հարաբերությունների հետագա զարգացման համար:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի, թավշյա հեղափոխության ու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան համապետական ընտրությունների անցկացումից հետո Հայաստանը եվրոպական երկրների հետ միասին իր տեղն է զբաղեցնում ժողովրդավարական երկրների ընտանիքում. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը Հայաստանում լոկ խոսքեր չեն եւ դուրս են աշխարհաքաղաքական որեւէ համատեքստից»:
Նա նաեւ կարեւորեց վիզայի ազատականացման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ Եվրամիության պատասխանատուները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է այդ գործընթացին:
Պարոն Ռուբինյանի համոզմամբ, այս հարցն ավելի շատ քաղաքական է եւ կախված է ԵՄ անդամ երկրների քաղաքական որոշումից. «Մենք ակտիվորեն աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, որ հնարավորինս արագ սկսվի երկխոսությունը, եւ կարծում ենք, որ սա շատ կարեւոր ուղերձ է այն ժողովուրդներին, որոնք պայքարում են եւ հասնում են իրենց նպատակին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ