Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի փուլումՀայաստանի հավաքականը հանդես եկավ չորս մարզիկով, որից երեքը մեդալակիր դարձան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նրանք ամփոփեցին մասնակցության արդյունքները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բավարարված է իր սաների մրցելույթներով: «Աշխարհի գավաթի այս փուլը մեր համար շատ լավ ստացվեց: Չորս մասնակից, չորսն էլ՝ եզրափակչում: Սա հարյուր տոկոսանոց արդյունք է: Կարող եմ ասել, որ ոչ մի թիմ նման արդյունք չունեցավ: Իսկ որ չորս մարզիկներից երեքը մեդալ էլ կնվաճեն, ճիշտն ասած, մենք էլ չէինք սպասում: Եթե այսպիսի մասնակցություն լինի Եվրոպայի առաջնությունում, շատ լավ կլինի:
Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, նա արեց իր ունակությունների առավելագույնը: Ճիշտ է, նժույգ թափերում զբաղեցրեց 5-րդ տեղը, սակայն իրենից առաջ թողեց ասիացիներին, նրանց, ովքեր այսօր ուժեղագույններն են աշխարհում: Եվ եթե նկատի ունենանք, որ Եվրոպայի առաջնությունում ասիացիները չեն լինելու, Մերդինյանը նույնպես մեդալ նվաճելու շատ լուրջ հավակնորդ է», – ասաց ՀակոբՍերոբյանը:
Մեր մարմնամարզիկները Դոհայում կարող էին ավելի լավ մրցելույթներ ունենալ, եթե հին ու նոր վնասվածքները չխանգարեին: Մարզիչն ասաց՝ ամոթ է, որ այդ մակարդակի մրցումներում Հայաստանի հավաքականը բժիշկ չի ունենում ու խնդիր լինելու դեպքում օգնության ձեռք են մեկնում այլերկրների բժիշկները: Սակայն խնդիրը ոչ այնքան ֆինանսների բացակայությունն է, որքան երկրում սպորտային բժիշկներ չունենալը:
Պարոն Սերոբյանը խոսեց նաեւ առաջիկա անելիքների մասին: Նրա խոսքով, տարին շատ հագեցած ու պատասխանատու է լինելու եւ իրենք անելու են առավելագույնը բարձր արդյունքներ արձանագրելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ