Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մարտի 26-ին արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, աշխատանքային խմբի անդամները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս է հայտնել, որ հունիսի 30-ին արդեն աշխատանքային խումբը կներկայացնի տնակների հստակ թիվն ու աշխատանքների ճանապարհային քարտեզը: «Սա Գյումրի քաղաքի համար չափազանց կարևոր աշխատանք է, մենք բոլորս գիտենք, թե անօթևանությունն ինչ ազդեցություն ու հետևանք ունի մեր մարզի վրա, այնպես, որ օր առաջ աշխատանքների ամփոփումը մեծ նշանակություն կունենա »,- նշել է Շիրակի մարզպետը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրել է խմբի առջև դրված խնդիրները, կատարված հստակեցումները: Ըստ այդմ, հավաքագրվել է 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքների:
Նշենք, որ աշխատանքային խմբին առաջարկներ են ներկայացրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը:
Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն անդրադարձել է Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին, ինչի վերաբերյալ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ խնդիրն առանձին քննարկման հարց կդառնա առաջիկայում:
Շիրակի մարզպետարան