Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը սպառնում է կոռումպացված չինովնիկների անուններ տալ ու կոչ է անում նրանց օր առաջ իրերը հավաքել ու տուն գնալ

Մարտ 26,2019 18:55

«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին զգոնության կոչ ուղղեց. «Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց, ցավոք, միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում: Այդ իրողությունը խիստ արտացոլված է մարզերում»:

Պատգամավորն ասաց, որ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք՝ չինովնիկի ձեռագրով ու չինովնիկի մտածելակերպով. «Ցավոք, սա քաղաքացիների մոտ առաջացնում է այնպիսի տրամաբանություն, որ ոչինչ չի փոխվել: Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոններին ու աթոռներին հավակնած ու այժմ այդ աթոռները զբաղեցնող չինովնիկները չեն փոխվել: Գիտե՞ք ինչն է, որ ինձ համար զարհուրելի է՝ այսօր կան մարդիկ՝ պետական պաշտոնյաներ, որոնք համարձակվում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել: Նրանք դեռ չեն գիտակցել, որ Հայաստանում մարդը գերագույն արժեք է»:

Պատգամավորն ասաց, որ անկախ նրանից, թե այդ պաշտոնյաները քաղաքական ինչ ճամբարներում են գտնվում, այս պահվածքն անընդունելի է իր համար: Ըստ Բաղդասարյանի, պատգամավորն իր հիմնական հարցերը թողած՝ սոցիալական լոկալ խնդիրներ լուծող է դարձել, որովհետեւ տարբեր չինովնիկներ թերանում են. «Պետական պաշտոնյան, որը նման կեցվածք ունի, օր առաջ պետք է իր իրերը հավաքի ու տուն գնա, մենք հայաստանյան իրողության մեջ նման պաշտոնյաների կարիքը չունենք»:

Նազելի Բաղդասարյան կոչ արեց զգոնանալ՝ հիշելով, որ քաղաքացիների հետ չի կարելի վերամբարձ տոնով խոսել, իրենց վերադասը հենց քաղաքացին է. «Ես չեմ վախենա հենց այս ամբիոնից անուններ հնչեցնել, որովհետեւ մարդիկ, որոնք տարիներով կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, այսօր փորձում են քաղաքացիների խնդիրներին ոչ միայն լուծում չտալ, կարեւորը՝ մեկնաբանել, թե գիտեք, հեղափոխություն եղավ, դրա համար ձեր խնդիրները չեն լուծվելու: Իրենք վստահ են, որ քաղաքական հայրերը հետ են գալու ու փորձում են այդ ռեինկարնացիան ապահովել՝ չի՛ լինելու: Ես ուզում եմ հասկանաք, որ Հայաստանի Հանրապետությունում գործելու է օրենքը, Հայաստանը օրենքի երկիր է եւ վե՛րջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031