Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը նշում էր՝ իբր ես ասել եմ՝ խուզարկությամբ կհայտնաբերվեն նյութեր, որոնք կհաստատեն պարոն Քոչարյանի մեղավորությունը». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Մարտ 26,2019 18:33

«Դատախազը նշում էր՝ իբր ես ասել եմ՝ խուզարկությամբ կհայտնաբերվեն նյութեր, որոնք կհաստատեն պարոն Քոչարյանի մեղավորությունը: Իրականում ես դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում եմ հայտնել, որ խուզարկությունը տրված է հայտնաբերելու համար այնպիսի նյութեր, որոնք կարող են փաստել պարոն Քոչարյանի մեղավորությունը»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Գագիկ Պողոսյան) Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Տեղեկացնենք, որ այսօր դատարանը որոշում չկայացրեց Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 11-ին:

Հարցին՝ ապրիլի 11-ին կլինի՞ դատարանի որոշումը, պաշտպանը պատասխանեց. «Դատարանի որոշում ֆիզիկապես կարող է չլիներ, քանի որ նման գործերով դատարաններին ժամանակ են տրամադրում որոշում կազմելու համար, բայց վերջնական որոշումը դատարանի կողմից կայացված կհրապարակվի, եթե ինչ-որ խնդիրներ չլինեն»:

Դառնալով բողոքում ներկայացված մանրամասներին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Այն ժամանակ, երբ վերաքննիչ ատյանի դատարանն ազատ էր արձակել պարոն Քոչարյանին, ասել էր, որ նա անձեռնմխելի էր, մինչև այդ ակտի բեկանումը պարոն Քոչարյանի մեղադրանքը պետք է հանվեր, ինքը քրեական հետապնդման չենթարկվեր: Այդ ընթացքում եղել են շատ դատավարական գործողություններ, այդ թվում նոր խափանման միջոց է ընտրվել ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Բոլոր այդ գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Այսինքն՝ քննիչը չէր կարող այլ որոշում կայացնել, քան օրինական ուժի մեջ մտած որոշմամբ է ակնհայտ: Այդ ժամանակահատվածի համար ակնհայտ է, որ Քոչարյանի հանդեպ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում»:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազն առարկեց: Այս առիթով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ասաց. «Առարկությունը հետաքրքիր է նրանով, որ նա ասում է՝ ներկայումս նման դատական ակտեր կան, որոնք հերքում են ձեր ասածը, բայց նաև նշենք, որ դատական ակտ կար այն ժամանակ, որ իրենք պետք է կատարեին, բայց չեն կատարել: Ուստի իրենց մասով այդ մեկնաբանությունը չեն ընդունում, բայց նույն առարկությունները բերում են պաշտպանների դեմ»:

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ, ի վերջո, խոսքը վճռաբեկ դատարանինն է, որը դեռ չկա: Ժամկետների մասին ասաց. «Ժամկետը հաշվվում է այն ժամանակ, երբ Վերաքննիչից ստացվել է բողոքը: Բողոքը մենք ներկայացրել ենք դեկտեմբերի 25-ին: Ուստի առավելագույն ժամկետը կլինի ապրիլի առաջին շաբաթը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031