«Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսը կրող Հայ օգնության միության նախաձեռնությամբ այսօր Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Հայ օգնության միությունը, որն աշխարհի 27 երկրներում ունի 17.000 անդամ, Հայաստանում գործում է 26 տարի։
Գործունեության հիմնական նպատակը, ՀՕՄ-ի ներկայացուցիչ Համեստ Սասունյանի խոսքով, ծառայելն է՝ կարիքավորին, վիրավորին, զինվորին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին. «ՀՕՄ-ը իր աջակցությունն է ցուցաբերել երկրաշարժից հետո որբացած ութ հազար երեխաների, Տավուշի սահմանամերձ գյուղում մեր աջակցությամբ ստեղծվել է ութսուն ջերմոց, որպեսզի գյուղացիները չարտագաղթեն Հայաստանից»։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի նպատակը հայկական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումն է սերունդներին։ Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 17 ձեռագործ իրեր՝ Կիլիկիայից, Մուշից, Վանից, Սվազից, որոնցից յուրաքանչյուրը զարդարված էր տվյալ նահանգին բնորոշ զարդանախշերով ։ Համեստ Սասունյանի խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասը նախնիներից ստացված ժառանգություն են. «Դրանք մեզ են հանձնել Սիրիական պատերազմի ժամանակ Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք»։
Նա տեղեկացրեց, որ Չարենցի 20 հասցեում փետրվարի 9-ից գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակներում սիրիահայ ձեռագործ արվեստ ուսուցանող կամավորները ցանկացողների հետ դասընթացներ կանցկացնեն։ «Գործում են ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարատև դասընթացներ»։ Նաև հավելեց, որ չորս տարվա ընթացքում ունեցել են 450-500 աշակերտ։ Ցուցահանդեսը կտևի երեք օր։
Էլինա Ասատրյան