Այսօր ԱԺ-ում քննարկվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված համաձայնագրի վավերացման հարցը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ԱԺ-ում ներկայացնելով համաձայնագիրը, ասաց, որ Իրանը ԱՀԿ անդամ չէ, առեւտրի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերը Իրանի օրենսդրությունում չկան, բայց, ըստ համաձայնագրի, իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական նորմեր պետք է գործեն ու երբ համաձայնագիրը մտնի ուժի մեջ, 6 ամսվա ընթացքում կողմերը պետք է ապահովեն ներմուծման գործընթացին ներկայացվող իրենց պահանջները: Նման համաձայնագրով ԵԱՏՄ անդամ երկրները Իրանից ստացել են բավականին մեծ ապրանքատեսակների գծով զիջումների ցանկ: Խոսքը ոչ միայն գյուղատնտեսական ապրանքների, այլ նաեւ արդյունաբերական ապրանքների մասին է: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ապրանքների ցանկում հայկական կողմից ներկայացվել է այնպիսի ապրանքների ցանկ, որոնք ունեն մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային եւ գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ: Բաբայանն ասաց, որ շոկոլադ եւ կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցում անել. «Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքերի դրույքաչափերի պահպանում: Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը, մեղրը: Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, լոլիկի մածուկը, վարունգը, խնձորը, խնձորի հյութը»:
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ապրանքների ցանկը երբ նայում են, կարծում են, խնդիրներ կառաջանան. «Մասնավորապես, ծաղիկների տարբեր տեսակներ, բանջարեղենների տարբեր տեսակներ, գիպսը: Իրանական գիպսը արդեն իսկ շինարարության մեջ օգտագործվում է եւ դուրս է մղում շուկայից մեր տեղականը: Հիմա այդ գործընթացը կհեշտանա: Համաձայնագիրն ընդունելուց հետո տուրքեր կարո՞ղ ենք սահմանել Իրանից ներկրվող տարբեր ապրանքների ներկրման կամ վաճառքի վրա»:
Փոխնախարարը պատասխանեց, որ եթե տեղական շուկային վնասում են, կա գործիքակազմ: Լիլիթ Ստեփանյանը մտավախություն ուներ, որ Իրանից ներմուծվելու է գյուղատնտեսական ապրանքներ, երբ մենք չենք կարողանում ուղղել մեր գյուղատնտեսության մեջքը, դա կվնասի:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ համաձայնագրի շրջանակներում կարո՞ղ ենք էժան դիզվառելիք ներկրել Իրանից: Բաբայանը պատասխանեց. «Ցանկերում կա դիզվառելիքը: Իրանական կողմին տրված է այդ արտոնությունը մաքսատուրքի դրույքաչափը, բայց ԵԱՏՄ տեխնիկակարգն է գործում ՀՀ-ում: Այսինքն, իրանական վառելիքը պետք է որակապես համապատասխանի Հայաստանի ընդունած չափանիշներին: Բագրատյանը դժգոհեց՝ մենք այնպիսի գերհզոր երկիր չենք, որ նման բարձր չափանիշներ ենք սահմանել, մեր գյուղատնտեսության համար ցածրակարգ դիզվառելիքն էլ կլիներ, մեր տրակտորները սովետական են: Սակայն փոխնախարարը հիշեցրեց, որ գործում է կանոնակարգ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ փաստորեն մենք շահեկան դիրքում ենք հայտնվելու, ունեն մեծ պոտենցիալ՝ զգալի ապրանքներ անցկացնելու՝ որպես տարանցիկ երկիր: Փոխնախարարը համաձայնեց՝ Հայաստանը կարող է լինել որպես տրանզիտ երկիր, ապրանքները բերվեն, պահեստավորվեն եւ ուղարկվեն ԵԱՏՄ անդամ այլ երկրներ: Վաղարշակ Հակոբյանը նաեւ հարցրեց՝ ո՞ր ապրանքատեսակներն են, ըստ ձեզ, լավ արդյունք ապահովելու, եթե համաձայնագիրը գործի: Բաբայանը թվարկեց՝ Հայաստանի համար արտահանման ներուժ ունեն այս ապրանքները` մարտկոցներ, դեղամիջոցներ, տրիկոտաժի արտադրանք: Դեղամիջոցների մասով իրանական կողմը մինչեւ 25 տոկոս նվազեցված մաքսատուրք է ներկայացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ