ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ավանդաբար ձևավորվել է փոխադարձ վստահության և համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարևոր նախագծեր, օպերատիվ կերպով լուծել քրեական վարույթի շրջանակներում միմյանց երկրներում իրավասությունների հետ կապված խնդիրներ:
ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության փորձն ու փոխադարձ վստահությունը՝ նշելով, սակայն, որ ունեցած արդյունքները դեռևս բավարար չեն և անհրաժեշտ է ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը:
Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել , որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը նպաստում է հատկապես կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և միջազգային ընդգրկման այլ հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նա իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ դատախազության հետ հաստատված հարաբերությունների կապակցությամբ: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին և քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաև ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,-ասել է տիկին դեսպանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով՝ մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների դեմ պայքարում, մարդու հիմնարար իրավունքների քրեաիրավական և քրեադատավարական պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները, դրանց շրջանակներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նախորդ տարվա ընթացքում այդ ոլորտում արձանագրած աննախադեպ արդյունքների տեմպը պահելու համար, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստավոր նախադրյալներ է ստեղծում հատկապես հասարակության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ձևավորված վստահության և համագործակցության, ինչպես նաև դրանից ածանցվող՝ հանցագործությունների բացահայտման առումով պահանջատիրության մթնոլորտը:
Արթուր Դավթյանը հավելել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրներից է համարվում երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում կոնկրետ քրեական գործերի շրջանակում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից այդ հարցում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները և դրանց արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելու ձևավորված փոխադարձաբար օգտակար պրակտիկան:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին