Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյան. «Որքան ոգեւորիչ են վարչապետի ելույթները, մեկ այլ իրականություն են գործնական շփումները պետական օղակների հետ»

Մարտ 26,2019 17:10

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 21-րդ դարում գիտությունն ունի շատ կարեւոր նշանակություն, բայց գոյություն ունեն մի շարք ոլորտներ, մասնավորապես գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, որտեղ գիտությունն առանձնահատուկ տեղ եւ նշանակություն ունի: «Մարտի 15-ին վարչապետի կողմից շեշտվեց, որ պետք է բարձրացնենք գիտական կազմակերպությունների արդյունավետությունը, եւ այսօր էլ դա շեշտվեց` ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում»,-փաստեց Պիպոյանը:

Ապա իրենց ինստիտուտի օրինակը բերեց. «Մեր ինստիտուտը բազմաթիվ դրամաշնորհների արդյունքում իրականացրել է լուրջ հետազոտություններ, որոնք այսօր պետությունը կարող է արդյունավետ օգտագործել, բայց որքան ոգեւորիչ են վարչապետի ելույթները, մեկ այլ իրականություն են գործնական շփումները պետական օղակների հետ:

Այսինքն, մի կողմից պետությունը շեշտում է, որ հարցը կարեւոր է, բայց հենց հերթը հասնում է պետական օղակների որոշումների կայացմանը, այլ բանի ենք հանդիպում: Բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել, նույն շաքարի բարեփոխումների ծրագիրը, երբ որ գիտությունը կարծիքներ չի հայտնել, թե ասենք, որ մթերքներն են շաքարի առումով ամենակարեւորը, մոնիտորինգային ծրագրերը, որտեղ դարձյալ լուրջ հետազոտություններ կան, որտեղ գիտությունը խոսք ունի:

Ուզում եմ շեշտել, որ անշուշտ կարեւոր է այս միջոցառումների կազմակերպումը, բայց ի վերջո պետության կողմից պետք է լինի պահանջարկի ձեւավորում եւ համագործակցություն: Մինչեւ պետությունը այս քայլը չանի, գիտնականը մեկ, երկու, երեք չորս անգամ խնդիրների բախվելուց հետո կհոգնի, կմտածի` ավելի լավ է իմ հետազոտություններով գնամ զբաղվեմ»:

Հավելենք, որ Դավիթ Պիպոյանը նիստի երկրորդ հատվածում ելույթ ունեցավ եւ ներկայացրեց, որ դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ իրականացնում են մի շարք կարևոր հետազոտություններ, որոնք կարող են էականորեն նպաստել տնտեսության զարգացմանը:

Իր ելույթում Պիպոյանը նշեց, որ շատ ոգևորիչ է վարչապետի հայտարարությունը, որ գիտանականները հանդես գան հայտարարություններով, սակայն օրեր առաջ կառավարության նախանիստում մերժվել է սննդի ռիսկերի գիտական կենտրոնի նշանակման հարցը՝ անհասկանալի պատճառներով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031