ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտական քարտուղար, կիրառական ծրագրերի բաժնի վարիչ Արսեն Հախումյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին խոսեց ռազմարդյունաբերության ոլորտի մասին, ասաց, որ այն եզակի ոլորտ է այն առումով, որ կոնկրետ խնդիրներ է դնում գիտության առաջ:
Նա որոշ խնդիրներ մատնանշեց, մասնավորապես Գնումների մասին օրենքը եւ իրենց բոլոր գումարների` գանձապետարան տեղափոխելը: Գիտնականի ձեւակերպմամբ, հասկանալի է, որ պետությունն ուզում է վերահսկել իր կողմից տրված միջոցները, բայց իրենք նաեւ պետք է որոշակի ազատություն ունենան, քանի որ անընդհատ գանձապետարանի հետ գործ ունենալը դանդաղեցնում է իրենց գործունեությունը:
«Իմ նշած հարցերը կոնկրետ խնդիրներ էին, որոնք վերաբերում էին գնումների մասին օրենքին, Ֆինանսների տեղափոխումը բանկային համակարգից դեպի գանձապետարան եւ նոր կառույցի պետական ոչ առեւտրային գիտական կազմակերպությունների մասին օրենք ընդունելուն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Հախումյանը:
Գիտնականը նշեց, որ այն ինչ վերաբերվում է բյուջետային գումարներին, բացարձակ կողմ են, որ պետությունը հսկի, քանի որ ինքն է դրանք հատկացրել գիտությանը: «Բայց մենք խոսում ենք այն գումարների ու գործողությունների մասին, որոնք կապվում են ձեռնարկատիրության ոլորտի հետ: Դա արդեն գիտություն չէ, գիտական արտադրություն եւ ծառայություն է: Այդտեղ պետք է արագ արձագանքել:
Կարդացեք նաև
Վարչապետն արագ արձագանքեց, բայց մենք պետք է ավելի արագ արձագանքենք շուկային: Իսկ երբ ոտքերդ ու ձեռքերդ կապված են ծանրությամբ` գանձապետարան, պետական գնումների գործակալություն եւ այլն, հնարավոր չէ մեծ քանակի գնումներ կատարել»,-ասաց Արսեն Հախումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ