Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սահակյան. «Ջավադյանը սխալ տեղեկատվություն է տվել վարչապետին»

Մարտ 26,2019 16:37

Մարտի 11-ին կառավարության նիստի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիների՝ բանկային բարձր տոկոսների մասին դժգոհություններն էր ներկայացնում, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ֆինանսական կառույցների տոկոսադրույքները ներկայացրեց:

Մինչ այս, գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը բողոքի ցույցեր էին անում՝ պետտուրքի բարձրացման դեմ: Ըստ այդմ, նախատեսվում է 60 անգամ բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքը:

Կառավարության նիստին Արթուր Ջավադյանը գրավատների մասին վարչապետին որոշ թվեր ներկայացրեց՝ «129 գրավատներ 2018 թվականին 140 միլիոն դրամ հարկ են տվել»: Ապա գրավատների տոկոսադրույքների մասին էլ Ջավադյանը կրկին վարչապետին զեկուցեց՝ գրավատների տարեկան տոկոսադրույքները հասնում են 50%, 60%, 70%, 80%, 100% եւ անգամ 120%-ի:

Այսօր «Հենարան» ակումբում գրավատների եւ փոխանակման կետերի շահերի պաշտպան Հայկ Սահակյանը պատասխանելով Aravot.am-ի՝ Ջավադյանի նշած թվերի մասին հարցին, ասաց՝ «Ջավադյանը սխալ տեղեկատվություն է տվել վարչապետին: Մեր միջին հաշվարկներով 128 գրավատուն 2018 թվականին վճարել են մոտ 450 միլիոն դրամ հարկ»:

Սահակյանի խոսքերով՝ այս խնդրի շուրջ ոլորտի ներկայացուցիչները, ԿԲ-ի եւ կառավարության հետ հանդիպման ժամանակ հիմնավորել են՝ գրավատները վարկ են տրամադրում տարեկան 65% տոկոսադրույքով.«100 %-ի չի հասնում: Չկա նման բան»:

«Լոմբարդսթրիթ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Ասլանյանն էլ ասաց՝ իմ գրավատան տոկոսադրույքները տարեկան սկսվում են 16.31%-ից, մաքսիմումը 48% է, սա վերաբերում է 100 հազարանոց վարկին: Գրավատները կոմիսիոն վճարներ չեն վերցնում: Բանկերի հետ ես մրցունակ եմ՝ տոկոսադրույքների առումով»:

Վերջերս այս ոլորտի շահառուները, ինչպես Ջավադյանն էր Փաշինյանին ասել, հանդիպել են եւ քննարկել: Մխիթար Ասլանյանն ասաց, որ ԿԲ-ի եւ կառավարության ֆինանսական բլոկի պաշտոնյաները պետտուրքի շեմի՝ 60 անգամ բարձրացումը հիմնավորում էին, թե՝ գրավատների գործունեության արդյունքում որոշակի զանգված ընկնում է վատ սոցիալական կացության մեջ. «Եվ բեռ է դառնում պետության համար, եւ եւ այդ բեռը, որպեսզի պետությունը կրի, գրավատների տուրքը պետք է բարձրացնեն»:

Մեր հարցին՝ արդյոք սոցիալական խնդիր բանկերը չե՞ն առաջացնում, Ասլանյանն այսպես պատասխանեց. «Նման հարց մենք էլ ենք տվել, հարցրել ենք՝ դա բացառապես գրավատա՞նն է վերաբերում: Պատասխան չունեին»:

Մինչդեռ բանախոսները պնդում են, ի տարբերություն ՈՒՎԿ-ների (ունիվերսալ վարկային կազմակերպություններ) եւ բանկերի, իրենք ԴԱՀԿ-ի միջոցով քաղաքացու բնակարան կամ այլ գույք չեն բռնագանձում:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսները վստահ են՝ եթե նախագիծն ընդունվի, ապա գրավատները շուկայում մրցունակ չեն կարող լինել, դա ազդելու է նաեւ քաղաքացիների՝ վարկեր ստանալու վրա, եւ եթե գրավատների թիվը նվազի, արդյունքում շուկայում գերիշխող դեր կունենան բանկերն ու ՈՒՎԿ-ները, վերջիններս ավելի ագրեսիվ են ազդելու շուկայի վրա, թելադրելու են խաղի կանոնները. «Քաղաքացին ավելի թանկ է վճարելու»:

Հայկ Սահակյանի կարծիքով՝ ԿԲ-ն ու կառավարությունը միտումնավոր ՈւՎԿ-ների լոբինգն են անում. «Երբ խնդիրը քննարկելու համար հանդիպեցինք ԿԲ-եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մենք պահանջեցինք, որպեսզի լրատվամիջոցներ ներկա լինեն: Մերժեցին: Առաջարկեցի թույլ տան ես իմ հեռախոսով ուղիղ եթեր մտնեմ, էլի մերժեցին: Ու հիմա պարզ է, ինչու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031