«Այո, պետական միջոցները կարող են վատնվել, եթե խոսքը զինծառայողի կյանքի եւ առողջության մասին է»,- այս կարծիքին է Եվրոպայի խորհրդի փորձագետ Արմեն Գրիգորյանը: Այս մասին փորձագետն ասաց Aravot.am-ի հետ զրույցում «Մարդու իրավունքները եւ զինված ուժերը» թեմայով քննարկման ժամանակ`անդրադառնալով զինված ուժերում ազդարարի ինստիտուտի ներդրմանը եւ անանուն հաղորդումներ տալու իրավունքին:
Քննարկումը տեղի էր ունենում «ԶՈՒ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը արդեն երեք տարի է իրականացվում է:
«Կարեւոր է զորամասերում ազդարարների ինստիտուտի զարգացումը եւ կյանքի իրավունքի վտանգի դեպքում անգամ անանուն հաղորդումները`իրավապահներին, ՄԻՊ-ին, ՊՆ-ին: Զինծառայողի կյանքի իրավունքը, պաշտպանության իրավունքը շատ ավելի կարեւոր է, քան ստորագրված դիմում ստանալու իրավունքը»,- ասում է փորձագետը: Դիտարկմանը, որ հնարավոր է անանուն դիմումները նաեւ սուտ լինեն, արդյունքում ժամանակի եւ պետական միջոցների կորուստ կլինի, փորձագետը արձագանքեց. «Այո, պետական միջոցները կարող են վատնվել, եթե խոսքը զինծառայողի կյանքի եւ առողջության մասին է»:
Արմեն Գրիգորյանի գնահատմամբ, ամենակարեւոր խնդիրը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությունն է եւ զինծառայողներին վատ վերաբերմունքից`ծեծից, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը: «Այս մասով ԶՈՒ-ում անելիք ունենք: Այդ խնդիրները սուր են, ինչպես բոլոր երկրներում եւ ամենացավալին են»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան, փորձագետն ասաց, որ Հայաստանում դրանք առանձնահատուկ դրսեւորումներ չունեն. միակ առանձնահատկությունը Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակն է`չավարտված պատերազմը, որը փոխում է զինծառայողների վերաբերմունքը ծառայության, ինչու ոչ, նաեւ մարդկանց նկատմամբ: «Այս բոլոր հանգամանքներն ի նկատի ունենալով պետք է միջոցներ ձեռնարկենք, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Նախ, ի սկզբանե, պետք է զրո հանդուրժողականություն սերմանել զինակոչիկների մեջ, բռնության նկատմամբ անհանդուրժողականություն սերմանել զինված ուժերում: Կյանքի իրավունքի ոտնձգության, խոշտանգումների դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը եւ մեղավորներին խիստ պատասխանատվության ենթարկելը եւս կարեւոր գործոն է»:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանը հարցրեց`բողոքարկման իրավունքի հարցը իրացնելիս, ինչպե՞ս զերծ մնալ պետական գաղտնիքի հրապարակումից: «Ծառայողական քննություններում հաճախ ներառվում է այնպիսի տեղեկատվություն, որն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանն արձագանքեց` այստեղ խնդիր է առաջանում իրավական պաշտպանության հարցում, եթե անձը փաստաբան է ներգրավել, քանի որ անձը, ինքը, որեւէ խնդիր չունի այդ տեղեկատվությունները ստանալու համար. «Քննարկում ենք, պաշտպաններին քաղվածքներ տրամադրելու տարբերակը, որը որ կներառի, թույլատրելի տեղեկատվություն»: Նա ասաց, որ այժմ յուրաքանչյուր դեպքին իրավիճակային մոտեցում են ցուցաբերում`ՄԻՊ-ի գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցելով են որոշումներ կայացրել: Ընդհանուր առմամբ, ՊՆ պաշտոնյան հավաստիացնում է`իրենք բաց են համագործակցության համար:
Մանրամասները`տեսանյութում
ԵԽ փորձագետ Արմեն Գրիգորյանն էլ հավելեց`բողոքարկման նիստերը պետք է լինեն դռնբաց: Եթե խոսքը վերաբերելու է սպառազինությունների տեղակայմանը, կոորդինատներին, տեսակներին եւ այլն, եթե դրանք գործի քննության համար նշանակություն չունեն, կարող են ուղղակի հանվել հրամանից. «Կարող են առանձնահատուկ կարգավորումներ լինել, քանզի եթե գործը հասնի քրեական դատավարության, նիստը փակ է լինելու եւ որպեսզի որոշվի արդյոք զինծառայողը մարտական հերթապահության որեւէ կանոն է խախտել, պետք է այդ կանոնները հստակ ներկայացվեն դատարանին եւ դատարանն էլ հստակ պարտավորություն պետք է ունենա`չհրապարակել պետական գաղտնիքը: Ցանկացած պարագայում, սկզբունքն այն է, որ պետք է մարդու իրավունքների պաշտպանության եւ պետական գաղտնիքի չափի միջեւ հավասարակշռություն գտնել»:
Նախկինում իրավապաշտպաններն անընդհատ դժգոհում էին ՊՆ-ի փակ եւ ոչ թափանցիկ աշխատանքից: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո բանակում դրական փոփոխություններ նկատելի՞ են, ՊՆ-ի աշխատաոճը փոխվե՞լ է: «Ես այդ կարծիքին չեմ, որ ավելի բաց են աշխատում»,- ասաց տիկին Ալեքսանյանը` հավելելով, որ եթե հանրային հնչեղություն ունեցող դեպքերի մասին է խոսքը, օրինակ` Մեղրիի վերջին դեպքը, կարող է տպավորություն ստեղծվել, թե բաց են աշխատում: Բայց հանրային հնչեղություն չունեցող դեպքերի ժամանակ ՊՆ-ն նույն`փակ աշխատաոճն է շարունակում: «Մենք մենակ ենք անում դա: ՊՆ-ն չի աջակցում, եթե խնդիր կա կոնկրետ զինծառայողի հետ: Ես համարում եմ, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել բանակում, թափանցիկ, բաց աշխատելու առումով էլ ոչինչ չի փոխվել»:
Վերջերս երկու դեպք եղավ, երբ զինծառայողների մահանալու դեպքերով հաղորդագրություններ չէին տարածվել: «Այո, մամուլի խոսնակը ինֆորմացիա է տարածում, թե դրանք այնպիսի դեպքեր էին, որ զինծառայության հետ կապ չունեին, բայց մենք այցելում ենք, հետո հարուցված քրեական գործից արդեն, օրինակ, լյարդի անբավարարության դեպքից մահացած զինծառայողի դեպքում էլ նշվեց, որ զինծառայության հետ կապ չունի նրա մահը, բայց զորամասում է այդ ամենը սկսվել եւ ավարտվել: Նաեւ հարուցվել է քրեական գործ`անփութության հոդվածով, որը վկայում է կապը զինծառայության հետ»:
Մանրամասները` տեսանյութում
Քննարկման ժամանակ, Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, թե իրենց գերատեսչությունը սահմանում չունի`ո՞ր մահն է զինծառայության հետ կապված, որը`ոչ: Ժաննա Ալեքսանյանն այս պարագայում ուղղակի տարակուսելի է համարում ՊՆ-ից տարածվող այն հաղորդագրությունները, թե այս կամ այն զինվորի մահը կապ չունի ծառայության հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ