ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գիտությունների ազգային ակադեմիայում խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մասին, որտեղ ասվում էր, թե ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները տեղ չունեն նոր Հայաստանում, ասաց. «Այն արձագանքները, որ եղան մամուլում, շատ հստակ նշված է, թե ում մասին է խոսքը»: Նաեւ հատուկ ընդգծեց, որ բուհի խորհուրդն է նման հարցեր լուծողը եւ նախարարությունը ռեկտոր ազատելու լիազորություն չունի:
Դիտարկմանը, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը եկավ փաստելու, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հաղթել է, եւ չի հեռանա, ԿԳ նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ այն դեգրադացիան, որ առկա է ԵՊՀ-ում, խորհուրդը դեռ պետք է շարունակի քննարկել»:
Իսկ որպես նախարար` իր կարծիքով Արամ Սիմոնյանը պետք է շարունակի՞ պաշտոնավարել: «Այդ իրադարձությունների հետ կապված կարծիքս հայտնել եմ եւ ավելացնելու բան չունեմ…Նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ կան»,-ասաց նախարարը:
Հարցին` լրջագույն խնդիրներ ասելով ի՞նչ նկատի ունի, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «ԵՊՀ-ի ներկայիս վիճակը…Բուհը հետընթաց է ունեցել»:
Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ նաեւ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Նախարարն ասաց, որ ինքը ԵՊՀ-ական է եւ ամեն ինչ անելու է, որ այն լավագույնս նշվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ