Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք փորձում են քեզ ոչնչացնել որպես կին, որ դու հայ կին չես, լավ մայր չես, փորձում են կպնել ընտանիքիդ». Լարա Ահարոնյան

Մարտ 26,2019 14:33

«Սա առաջին անգամ չէ, որ իրավապաշտպանները ենթարկվում են ատելության խոսքի, կիբերբուլինգի և սպառնալիքների: Աշխարհում դա տարածված երևույթ է և մտահոգիչ»,- «Մեդիա կենտրոնում» տեղի «Անհանդուրժողականության մշակույթը Հայաստանում. ինչպե՞ս պայքարել խտրականության և ատելության խոսքի դեմ» թեմայով քննարկմանը հայտարարեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Լարա Ահարոնյանը՝ անդրադառնալով իր դեմ սպառնալիքներին:

Ըստ Լարա Ահարոնյանի՝ այդ սպառնալիքների նպատակը իրավապաշտպաններին լռեցնելն է, քանի որ հայրիշխանական, պահպանողական հասարակության մեջ թույլ չի տրվում, որ կինն արտահայտի իր կարծիքը տարբեր թեմաների շուրջ. «Խոսում եմ ընտանեկան բռնության մասին, որտեղ մեծ մասամբ բռնարարը տղամարդն է լինում: Ու կարծես, երբ իրավապաշտպանները խոսում են այդ մասին, այդ բռնարարից վերցնում են իր դերը: Փաստորեն, իրավապաշտպանը պատերազմ է հռչակում կին իրավապաշտպաների հանդեպ, քանի որ չի ուզում կորցնել իր դիրքը: Իրենք փորձում են քեզ ոչնչացնել որպես կին, որ դու հայ կին չես, լավ մայր չես, փորձում են կպնել ընտանիքիդ, ասել, թե ով կնայի քո երեսին, ով կուզենա քեզ հետ լինել. այսինքն՝ նվաստացուցիչ բաներ»:

Հարցին՝ դիմե՞լ եք ոստիկանություն, որևէ արձագանք եղե՞լ է, Լարա Ահարոնյանը պատասխանեց. «Դեռ հետաքննություն է գնում: Ավելի մանրամասն կիմանանք ավելի հետո: Ճիշտ է, որ դիմել եմ, քանի որ ակնկալիք ունեմ, որ ճիշտ կերպով այդ ամենը կհետաքննվի և կբացահայտվի և ֆեյքերը կբացահայտվեն: Մարդիկ չունեն այդ հանդգնությունն իրենց դեմքերով ասելու: Ակնկալում եմ պատասխանատվություն վերցնեն թե պետությունը, թե իրավապահները, որ իրավապաշտպանները պաշտպանված լինեն, քանի որ մենք պայքարում ենք բռնարարների դեմ: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները և պետությունն իր վրա վերցնի դա և պատշաճ պաշտպանություն ապահովի իրավապահներին»:

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ այն բոլոր թիրախավորումները, որոնք կատարվում են իրավապահների նկատմամբ, միտված են ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը կանխելուն. «Հեղափոխությունը եկել է հաստատելու ժողովրդավարություն երկրում և մարդու իրավունքների գերակայություն, պաշտպանվածություն: Այն խմբերը, որոնք գործում են այդ պրոցեսի շուրջ, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին չհասնի, ունեն նաև քաղաքական խնդիրներ: Ովքե՞ր էին պայքարում գենդերային ազատությունների, իրավունքների դեմ, այդ խմբերն ամբողջովին ունեն քաղաքական պատվեր այս երկրում կատարելու: Այդ խմբերն ավելի հարձակվողական դիրքորոշում ունեն, որ թիրախավորեն իրավապաշտպաններին»:

ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց՝ խիստ մտահոգիչ են իրավապաշտպանների, լրագրողների, փաստաբանների դեմ ուղղված ատելության կոչերը, սպառնալիքները. «Այս անձինք պաշտպանում են հանրության շահը և ցանկացած սպառնալիք իրավապաշտպանի ոչ թե կոնկրետ նրա անձի դեմ ուղղված է, այլ այն կոնցեպտի, որը նա պաշտպանում է: Հաճախ սոցիալական ցանցերում և կեղծ օգտատերի կողմից են դրանք իրականանում և դժվար է իրականում բացահայտել, թե ով է հեղինակը: Պաշտպանը, հաշվի առնելով Լարա Ահարոնյանի գործի կարևորությունը, ոստիկանություն գրություն է հասցեագրել իր նախաձեռնությամբ, նաև փորձել է իր գործիքների գործադրմամբ կարևորությունն ընդգծել նման արատավոր երևույթների դեմ պայքարին»:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատապարտում են տիկին Ահարոնյանի նկատմամբ ատելությունը և խտրական վերաբերմունքը. «Շատ դեպքերում ոստիկանությունն է նման դեպքերը բացահայտում, երբ հարազատները, ծնողերն են ոստիկանությունից տեղեկանում: Դեռ մեր իրավապահ համակարգում հեղափոխություն է պետք անել, նույնիսկ, եթե քրեական գործ է հարուցվում հիմա այս գործերով, դա ձևական է լինում, որը հետագայում կարճվում է: Շատ կարևոր է խտրականության մասին օրենքի ընդունումը: Կարող ենք այդ օրենքը չընդունելով՝ քրեական օրենսգրքով նաև սահմանել ատելության կոչերի քրեականացումը: Ատելությունը միանշանակ պետք է քրեականացվի, և նման իրավիճակ չլինի, երբ իրավապաշտպանները քաղաքացիների պաշտպանության համար ենթարկվեն ատելության և սպառնալիքների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031