Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց չկա, էջը՝ 500 դրամ». Ի՞նչ է եղել, երբ պատգամավոր Վարդանյանը ուսանողի ձայնով զանգել է ու իր համար կուրսային պատվիրել

Մարտ 26,2019 14:22

Ինչպես տեղեկացրել ենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարել եւ արգելել կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։ Այլ կերպ ասած՝ կարգելվի կուրսայինների, դիպլոմայինների վաճառքը:

Այսօր ԱԺ լիագումար նիստում նախագծի քննարկման ժամանակ հեղինակն ասաց, որ բոհերը պետք է շահագրգռված լինեին հակապլագիատի գործիքներ կիրառել, բայց փորձը ցույց տվեց, որ շատ բուհեր այդ գիտակցումը չունեն. «Ես նրանց նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, թե ինչպես պետք է անեն: Էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնել ու տեղադրել հակապլագիատ գործիքներ: Երբ ուսանողը ներբեռնում է աշխատանքը, միանգամից պլագիատը երեւում է»:

Մտադիր են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով արգելել Հայաստանում առհասարակ նման գործունեությունը, առայժմ նախազգուշացման քայլն են անում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ եթե արգելեն արտաքին գովազդը կուրսային գրող կազմակերպությունների, գովազդային այլ ճանապարհների կդիմեն, օրինակ, թռուցիկներ կբաժանեն, ինչպե՞ս են վերահսկելու: Բացի այդ, եթե արգելվի նույնիսկ նման կազմակերպությունների գործունեությունը, անհատների հարցը ո՞նց են լուծելու:

Հովհաննիսյանը պատասխանեց, որ բնականաբար, մեկ-երկու նախագծով պլագիատի խնդիրը չեն լուծելու, աշխարհի բազմաթիվ համալսարաններում են պայքարում դրա դեմ, բայց այնտեղ պատիժը շատ խիստ է, հենց պլագիատ հայտնաբերեցին՝ ուսանողին անմիջապես հեռացնում են բուհից:

«Իմ քայլից» Էդգար Առաքելյանը հարցրեց՝ հաշվարկե՞լ եք՝ եթե պլագիատն արգելեք, քանի՞ ուսանող կմնա բուհում: Ըստ նրա, ոնց որ հիվանդ սրտով մարդուն ուզում են բուժել՝ նրա եղունգները կտրելով: Հովհանիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ օրինակը սխալ է. «Դա նույնն է, թե հիվանդ սրտով մարդուն մեկ ստենտով ուզում ենք բուժել, պետք են երկուսը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արման Բաբաջանյանը հարցրեց՝ չե՞ն կարող ստիպել բուհերին, որ ներդնեն հակապլագիատային համակարգերը: Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես դեմ եմ բուհերին ինչ-որ բան պարտադրելուն, որովհետեւ կա բուհական ինքնավարություն, որը վեր է ամեն ինչից: Բուհերին կարող են խրախուսել, այլ գործիքներ կիրառել»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում ասաց, որ քննարկման ընթացքում՝ մոտ 20 րոպե առաջ kursayin.am կայքի համարներով զանգել է ու ուսանողի վախվորած ձայնով խնդրել է, որ իր համար կուրսային գրեն Սահմանադրական իրավունքի վերաբերյալ. «Թեման էլ չհստակեցրին, ասեցին՝ խնդիր չկա, ձեզ ե՞րբ է պետք: Ասի՝ 10 օրից, ասեցին՝ հա, հարց չկա, էջը՝ 500 դրամ: Վատը գիտե՞ք որն է, երբ մենք խոսում ենք գովազդի արգելման մասին, հստակ հասկանում ենք, որ սա միակ միջոցը չի, բայց պետք է քայլ անել այս ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031