«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը չպետք է քաղաքականացվեն: Պետք է ուշադիր լինենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որեւէ մեկը չընդգրկվի նոր ձեւավորվող բուհերի կառավարման խորհուրդներում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական գործընթացը կուսակցականացրած ռեկտորը տեղ չունի նոր ՀՀ-ում» հայտարարությանը:
«Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ բուհերի կառավարման խորհուրդներում իշխող ուժից մարդիկ կան: Դա պետք է բացառվի: Մի քանի բուհում դա արդեն տեղի է ունեցել: Խոսքը նաեւ այն բուհերի մասին է, որտեղ ռեկտոր է փոխվել. կառավարման խորհրդում ՔՊ-ից մարդիկ կան, ուստի կատարեք վարչապետի խոսքը եւ դուրս եկեք այդ մարմիններից»,-այսպիսի կոչ հղեց Էդմոն Մարուքյանը:
Վարչապետի նշյալ հայտարարությունը քաղաքական է. «դրանից ռեկտորը կարող է հրաժարական տալ, կարող է եւ չտալ: Ցանկացած միջամտություն անօրինական է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ