Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական սարքավորումներն ու կահույքը ընկերությունների կողմից բժշկական կենտրոններին մատակարարվել է ավելի քան 847 մլն դրամ թանկ. «Ժողովուրդ»

Մարտ 26,2019 12:57

ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում։ Մասնավորապես, ՀՊ-ն ստուգել է վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը, եւ արձանագրվել են մի շարք թերություններ։

Նշենք, որ առողջապահական ԾԻԳ-ի ղեկավարությունը պատասխանատվություն է կրում տրամադրած վարկային եւ դրամաշնորհային միջոցների օգտագործման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը հիմնականում համեմատել է Վանաձորի, Սեւանի, Արտաշատի բժշկական կենտրոնների արդիականացման համար 2017-2018 թվականների ընթացքում սարքավորումների եւ կահույքի ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթների, միեւնույն լոտերի համար հայտ ներկայացրած կազմակերպությունների գնային առաջարկները, առանձին չափաբաժինների միավորի գները եւ տեխնիկական բնութագրերը։

Այսպես, ըստ պալատի՝ եթե մրցույթների գնահատումը կատարվեր՝ ըստ առանձին չափաբաժինների, ապա անցկացված երեք մրցույթներով կտնտեսվեր 184 մլն 441 հազար դրամ գումար։ Օրինակ՝ Վանաձորի ԲԿ-ի արդիականացման համար անցկացված մրցույթով կարող էր տնտեսել 16 մլն 176 հազար դրամ, նույն ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մրցույթով՝ 37 մլն 409 հազար դրամ, իսկ Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար անցկացված մրցույթով՝ 130 մլն 855 հազար դրամ։ Պալատը այս գործարքներում անհամապատասխանություն է արձանագրել։ Արդյունքում 2017-ին եւ 2018-ի 9 ամիսների ընթացքում առողջապահական ԾԻԳ-ի կողմից բժշկական հաստատություններին հանձնված բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների գները համեմատվել են մատակարարների կողմից ձեռքբերված գների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018 թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ։ Իսկ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրության ընթացքում համեմատել է 167 անվանում բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների գները մատակարարների կողմից ձեռքբերման գների հետ։ Պարզվում է, որ 167 անվանում բժշկական սարքավորումների կահույքի եւ պարագաների ձեռքբերման եւ մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ։ Ասել է թե՝ բժշկական սարքավորումներն ու կահույքը ընկերությունների կողմից բժշկական կենտրոններին մատակարարվել է ավելի քան 847 մլն դրամ թանկ։ Օրինակ՝ հեմոդիալեզի սարքը եւ պարագաները՝ 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով։ Այսինքն՝ «Ֆրեզեն» ընկերության ձեռքբերման եւ վաճառքի գները մի քանի անգամ ավելի են կազմել, այդ սարքավորումները մարզային բուժհաստատությանը վաճառվել են ավելի քան 108 մլն դրամ թանկ։ Իսկ, ահա, հեմոդիալեզի սարքավորման համար ջրի մաքրման կայանը «Ֆրեզեն» ընկերության կողմից ՀՀ է ներմուծվել 18 մլն 630 հազար 800 դրամով, բայց այն Վանաձորի ԲԿ-ին մատակարարվել է 41.7 մլն դրամով՝ դարձյալ կրկնակի ավել գնով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031