Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա մի հատ նվազագույն շեմ, որից ներքեւ էական չի՝ ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն». Արարատ Միրզոյանին զարմացրել են

Մարտ 26,2019 12:52

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այսօր օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից, անդրադարձավ պատգամավորների դժգոհություններին, թե ինչո՞ւ պետք է ընդհանրապես չաշխատած մարդը նույնքան կենսաթոշակ ստանա, որքան 12 տարվա ստաժ ունեցողը:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է բերել ԱԺ, որով առաջարկում է նվազագույն կենսաթոշակի շեմը բարձրացնել:

Արարատ Միրզոյանն ասաց. «Ուզում եմ իմ զարմանքն ու տարակուսանքը հայտնել այն մթնոլորտի առնչությամբ, որով գնաց քննարկումը: Իսկապես, զարմացած եմ: Կառավարությունը բերել է մի նախագիծ, որով մի խումբ մարդկանց համար ինչ-որ հարց է լուծում եւ հնչում են քննադատություններ՝ բա էն մնացածը, բա ինչի՞ 12 տարվա ստաժ ունեցողի եւ չաշխատողների միջեւ հավասարություն է առաջանում: Այսպես թե այնպես չաշխատած մարդը, մի ամիս աշխատածն ու տասը տարի աշխատածը ստանում են նույն կենսաթոշակը: Հիմա այդ շեմը 2 տարով ավելացվում է: Անարդա՞ր է: Այո, 10-12 տարի աշխատածներն իրավունք ունեն հավակնել բարձրի, բայց կա մի հատ նվազագույն շեմ, որից ներքեւ էական չի ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդ աշխատել է մի տարի, թե 10 տարի, իրավունք ունի ապրել, նվազագույն ծախսեր հոգալ: Այս նախագիծը դրա մասին է: Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ, ես կարող էի նույն հաջողությամբ առաջարկել, որ խոսեք, թե ինչո՞ւ չի սահմանվում կենսաթոշակը 100 հազար դրամ, 200 հազար եւ այլն: Առաջարկում եմ մի քիչ ավելի սառը եւ սթափ վերաբերվել այսուհետ նմանատիպ հարցերին: Կառավարությունը միանշանակ դրական քայլ է անում: Եթե վերապահումներ կան, կարող եմ կոչ անել իմ անունից երկու ընդդիմադիր ֆրակցիաներին դեմ քվեարկել օրինագծին»:

«Իմ քայլը» խմբակցությունից Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այս նախագծով 81 հազար քաղաքացի, որոնք ստանում էին 25500 դրամից պակաս կենսաթոշակ, ստանալու են բարձր: Սա քայլ է, որը չեն կարող քննադատել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031