Փորձագետների կարծիքով, դատելով ՀՀ առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։
«Սա իսկապես Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական բանակցությունն է, եւ ոչ թե հանդիպում, որ տեղի է ունենում որեւէ միջազգային ֆորումի կամ միջոցառման շրջանակում։ Ակնհայտ է, որ կողմերն ունեն բանակցային գործընթացն առաջ մղելու ցանկություն, որը կանգ է առել 2011 թ. Կազանում հանդիպումից հետո եւ պարզապես խոր, մահացու փակուղի է մտել 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո»,- նշեց Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ԼՂ հակամարտության հարցերով մասնագիտացած փորձագետ Թաթուլ Հակոբյանը։
Նա մեծ ակնկալիքներ չունի առաջիկայում սպասվող բանակցություններից, սակայն հույս ունի, որ կողմերը «հստակ կքաշեն կարմիր գծերը», եւ երկուստեք հասկանալի կդառնա՝ ինչի շուրջ կարող են բանակցել, իսկ ինչի շուրջ՝ ոչ։ «Միայն դրանից հետո հնարավոր կլինի շարունակել բանակցությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հանդիպմանը կարող է նաեւ որոշվել՝ արդյոք կողմերը հրաժարվում են Մադրիդյան սկզբունքներից, թե շարունակելու են բանակցել այդ փաստաթղթի շուրջ։
Թեպետ հայկական կողմը դրել է այդ սկզբունքների հստակեցման խնդիր, սակայն, նրա կարծիքով, այդ փաստաթղթի գրավչության, կենսունակության ու վտանգավորության գրավականը հենց տարընթերցման հնարավորությունն է։ «Փաստաթուղթը հենց այդպիսին է ստեղծվել, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այնտեղ տեսնի այն, ինչ ցանկանում է: Սա երես փրկելու փաստաթուղթ է»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Ինչ-որ չափով Թաթուլ Հակոբյանի հետ համակարծիք է նաեւ հայտնի ադրբեջանցի քաղաքագետ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, որն այժմ քաղաքական էմիգրանտ է Հոլանդիայում։ «Լուրջ առաջխաղացում այս բանակցություններից չեմ ակնկալում, քանի որ կողմերի դիրքորոշումներն առաջվա նման շատ հեռու են միմյանցից։ Այժմ անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրանք մոտիկացնել միմյանց՝ ընդհանուր կոմպրոմիսի ուրվագծեր նշմարելու համար»,- հայտարարեց Յունուսովը։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում