Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Երկիրը փոխելու քայլեր են արվում, ուրեմն թող այդ օրն էլ հիշվի որպես վերելքի, քաղաքացիական իրավունքի, իր սեփական ուժը զգալու օր». «Հրապարակ»

Մարտ 26,2019 12:40

Օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այսուհետ ամեն տարի կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ըստ գործադիրի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով, երբ քաղաքացիներն արտահայտեցին իրենց կամքն ու միասնականությունը։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը դրա մեջ վատ բան չի տեսնում, ասում է՝ ապրիլյան դեպքերը մեր ժողովրդի մեջ քաղաքացիական զարթոնքով նշանավորվեցին. «Բոլորն ուզում էին, որ երկիրը փոխվի, լավանա, իսկ այդ չարիքը, որ կար՝ կաշառք, կոռուպցիա, վերանա մեր երկրից, հիմա դա տոնի արժանի է, թե չէ, ուրեմն գտել են, որ արժանի է։ Շատերը պատճառաբանում էին, որ ապրիլ ամսում չէր կարելի, լավ, ի՞նչ անենք, հիմա ապրիլ ամիսը մենք անընդհատ ողբի ամի՞ս դարձնենք։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում, հատկապես որ ապրիլի 24-ից հետո է ընկնում։ Դա ավելի խելամիտ քայլ է՝ ոչ թե շուտ անել, այլ՝ հետո։ Եվ արժե, որ մեր կորուստներից հետո ժողովուրդն ապագային նայելու տրամադրություն ունենա, թե չէ մեր դժբախտ օրերը հիշելով՝ երկիր չենք կառուցի։ Ժողովուրդը պետք է նաեւ գիտակցի իր ուժի կարեւորությունը, իր մասնակցությունը երկրի կառուցման գործում։ Երկիրը փոխելու քայլեր են արվում, ուրեմն թող այդ օրն էլ հիշվի որպես վերելքի, քաղաքացիական իրավունքի, իր սեփական ուժը զգալու օր։ Զուտ քաղաքացիական նպատակով դա նորմալ է, ես առանձնապես ո՛չ ոգեւորված եմ, բայց ո՛չ էլ քննադատաբար եմ մոտենում»։

Քաղաքացու օր ունենալուց հետո քաղաքացին իրեն ավելի՞ արժեւորված կզգա։ «Հիմա, օրինակ, շաբաթօրյակը մենք վերագրում էինք Լենին պապիին, բայց պարզվում է՝ մեր իրականությունում պետք է դա, շատերը վարչապետին քննադատեցին, որ շատ ցուցադրական էր անում, բայց մենք գիտենք, որ երկրի վիճակը կախված է նաեւ երեւելիների պահվածքից, եւ երբ շաբաթօրյակի ժամանակ նա պրոպագանդում էր աղբահանությունը, մաքրությունը, ես դրանում լավ բան եմ տեսնում։ Ժողովուրդը սպասելիք ունի, եւ այդ սպասելիքը կոտրել չի կարելի, դա ժողովրդի մոտ ծիլեր է տալիս, իսկ եթե հուսահատվեց ժողովուրդը, մեր երկրի վիճակը շատ վատ կդառնա։ Եթե աշխատավորների, կանանց օր կա, թող քաղաքացու օր էլ լինի, Ֆրանսիայում էլ կա նման օր՝ վերջապես Բաստիլն ի՞նչ էր՝ քաղաքացիական շարժում էր, չէ՞, հետո դա հեղափոխության վերածվեց»։

Այն, որ հեղափոխության գնահատականը պետք է պատմությունը տա, եւ ճիշտ չէ, որ հենց իշխանությունն է նման օր սահմանում, Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ կա ճշմարտություն եւ տրամաբանություն նաեւ այս մոտեցման մեջ, բայց. «Գիտեք, սա պատմության խնդիր չէ, սա այսօր մեր երկիրը կառուցելու խնդիր է, եւ այդ երեւույթը ցուցադրելը ոչ թե որեւէ անհատի մեծարում է, այլ ժողովրդի ուժի, նրա իրավունքի մեծարման խնդիր։ Դա, ըստ էության, կախված է մեր մեկնաբանությունից, ինչպես այն կմեկնաբանենք, եթե պետք է կապենք առանձին անհատների հետ, դա կդառնա ախմախ պատմություն, բայց եթե կապում ենք ամբողջ ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցության, կուլտուրայի զարգացման հետ, ուրեմն շատ լավ բան է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031