Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չաշխատած մարդն ու 12 տարվա ստաժ ունեցողը նույն կենսաթոշակն են ստանալու. պատգամավորները բողոքում են՝ արդար չի

Մարտ 26,2019 12:23

ԱԺ լիագումար նիստում այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափը: Այն քաղաքացիները, ովքեր 12 տարուց քիչ աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակի վրա զգալիորեն տարբերություն կզգան, առանձին դեպքերում թոշակը կբարձրանա շուրջ 50 տոկոս: Խոսքը այն թոշակառուների մասին է, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր թոշակ:

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ: Փոխնախարարի ներկայացմամբ, համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» հրապարակման պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ «ես ճիշտ լսեցի՞, որ ասում եք՝ թոշակը տալով՝ ծայրահեղ աղքատության շեմը կհաղթահարվի: Այսինքն, 25 հազար դրամ տվեցիք մարդկանց ու էլ ծայրահեղ աղքատ չե՞ն»: Սաիյանը պատասխանեց. «Աղքատության գնահատումը մի քիչ այլ մեխանիզմով է իրականացվում: Անձնապես մարդը կարող է չհամարվել ծայրահեղ աղքատ, բայց երբ տվյալ անձը դիտարկվի ընտանիքի կազմում, նա կդիտարկվի աղքատ ընտանիքի անդամ: Կարող է մարդն ունենալ 100 հազար դրամ եկամուտ, բայց ընտանիքի կազմում համարվի աղքատ»:

Ուրիխանյանն էլ արձագանքեց, որ ՀՀ-ում խայտառակ թոշակ են ստանում ու սա այն նվազագույնն է, որ պետք է անեք կենսաթոշակառուների համար: Սաիյանն էլ պատասխանեց, որ այս քայլով պարզ է, որ չեն լուծում կենսաթոշակառուների խնդիրը:

Միքայել Մելքումյանը հարցրեց՝ հիմա Հայաստանում քանի՞ ծայրահեղ աղքատ կա: Փոխնախարարը պատասխանեց՝ 2,3 տոկոս է կազմում՝ մոտ 60-70 հազար անձ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ այսուհետ եթե ստաժ չունեցող եւ 12 տարվա ստաժ ունեցող մարդը նույն գումարը պետք է ստանան, դա արդարացի չի լինի: Նա նաեւ հետաքրքրվեց, թե հիմնական կենսաթոշակը չե՞ն ուզում բարձրացնել ու 16 հազարը դարձնել 25500 դրամ: Սաիյանը պատասխանեց, որ հաշվարկել են, անհրաժեշտ կլինի շուրջ 50 մլրդ դրամ՝ հիմնական կենսաթոշակը 9500 դրամով բարձրացնելու համար: Ինչ վերաբերում է անարդարացի մոտեցմանը աշխատողների եւ չաշխատողների, փոխնախարարը պատասխանեց, որ իհարկե, ցանկացած համահարթեցում խնդրահարույց է, բայց գործող օրենքով էլ 10 տարի աշխատածն ու չաշխատածն էին նույն կենսաթոշակը ստանում, ընդամենը 2 տարին է մնում:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ 12 տարի աշխատած կենսաթոշակառուին կարող են առաջարկել, օրինակ, թանգարանի անվճար տոմսեր, մետրոյով անվճար երթեւեկություն, անվճար թատրոն հաճախելու տոմսեր, որ քաղաքացին շահագրգռված լինի աշխատել, ոչ թե ասի՝ աշխատեմ-չաշխատեմ՝ նույն թոշակն եմ ստանալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031