Անցյալ շաբաթ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն իրենից, ըստ էության, ներկայացնում է հաղորդում մի շարք՝ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների մասին։ Դատելով շարադրանքից, այդ հանցագործությունները պատճառա-հետեւանքային կապերով փոխկապակցված են, ենթարկվել են կուռ ռազմավարության եւ նպատակաուղղված տարել են մի-քանի նպատակների։
Իհարկե, անհրաժեշտ է շեշտել հարցի իրավական կողմը, որ սա մնում է սոսկ որպես մեղադրանք, քանի դեռ ամբողջապես ապացուցված չէ։ Սակայն, խոսք է գնում լրջագույն վտանգ պարունակող չարագործությունների մասին, թեկուզ եւ քսան տարվա վաղեմության, սա ական է պետության տակ, որը կարելի է չեզոքացնել միայն ապացուցելով կամ հերքելով վերջնականապես։
Վահան Շիրխանյանի նամակի բարոյական հարթությունը դեռ երկար կքննարկվի, սկսած նրանից, որ նա Քոչարյանի գիրքն ամբողջությամբ անվանում է ստերի հավաքածու, մեղադրում խաբեբայության, խոսքի տերը չլինելու, խարդախության, հայերին եւ Հայաստանը չսիրելու եւ շատ ու շատ այլ բաների մեջ, որը կարող է վկայել Քոչարյանի բարոյական հատկանիշների մասին եւ դիտարկվել նաեւ անձնական փոխհարաբերությունների դաշտում, եւ դա քննչական մարմինների խնդիրը չէ։ Սակայն, Վ. Շիրխանյանը մի քանի դրվագներով մեղադրանքներ է հասցեագրում Ռ.Քոչարյանին, որոնք պարզապես չեն կարող թողնվել առանց լրջագույն հետաքննության։
Նախ, ուղղակիորեն ասվում է, որ Քոչարյանը 1998 թվականի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում 27 տոկոս քվեն դարձրել է 59% եւ իրեն հռչակել ՀՀ նախագահ, իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվել 41%։ Սա ի՞նչ է, եթե ոչ մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Շիրխանյանին հենց այս հարցով հարցաքննել են, կամ հարցեր տվել Հատուկ քննչական ծառայությունում, բայց միայն այս հարցով։
Կարդացեք նաև
Սակայն, մի քանի հարցեր եւս հետաքննություն են պահանջում։ Օրինակ. Շիրխանյանը մատնանշում է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին սպանության զոհ դարձած Վահրամ Խորխոռունու հետ Քոչարյանի լարված հարաբերությունները եւ նշում, որ այդ սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։
Բացի դրանից, խոսք է գնում ահռելի գումարների՝ «կորչելու» մասին, նախ, այն, որ 1999-ին 37 մլրդ դրամի բյուջետային ճեղքվածքը հանկարծ պարզվեց, որ 137 մլրդ է, եւ 100 մլրդ դրամ գումարը «չկա», իսկ հետո, որ «կորել» է 400 մլն ԱՄՆ դոլար, որը փոխանցել էր Ռուսաստանը, այն պետք է մուտքագրվեր բյուջե, բայց ոչ մի լումա չէր մուտքագրվել։ Ո՞ւր են այդ գումարները, ի՞նչ եղան։
Վահան Շիրխանյանը գրում է, որ Վազգեն Սարգսյանին 1999թ սեպտեմբերին ԱՄՆ-ում «հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաեւ քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով»։ Շիրխանյանն այնուհետեւ հարցնում է. «Թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես»։ Սա ի՞նչ պատմություն է։ Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը որպես ռազմավարական առաջնահերթություն հռչակած պետության մեջ ո՞նց կարող է հարց չծագել վերոշարադրյալի հետ կապված։
Այս ամենը եւ մի-քանի այլ հարցեր դեռ մինչեւ Հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածի հետ են կապված, իսկ հենց այդ ահաբեկչության օրվա անցուդարձի վերաբերյալ Շիրխանյանի շարադրածն, ըստ ամենայնի, լրջագույն հետաքննություն է պահանջում, որը պետք է կատարվի գործի հետաքննության վերաբացմամբ կամ նոր գործ հարուցելով, որպեսզի համադրվի այլ դրվագների հետ։ Ուղղակի կարդացեք այդ նամակը…
Ոչ պակաս ուշագրավ է նամակի ամենասկանդալային՝ «արտաքին» մասը։ Խոսքը գնում է ռուսական «Ալֆա» ստորաբաժանման՝ Հայաստան ժամանելու մասին։ Մեջբերենք նամակի այդ հատվածն ամբողջությամբ. «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետեւ մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ եւ հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺ դահլիճի վրա, ոչնչացնի ոճրագործներին, ձեռի հետ նաեւ մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղադրելու էր ռուսներին, եւ այլեւս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու»։
Այսինքն, այդ ո՞ւր էինք հասել, որ Հայաստանում այդ տարիներին նախագահ կարող էր լինել մի մարդ, որը Ռուսաստանից հատուկջոկատայինների ստորաբաժանում է «պատվիրում», որպեսզի գան Հայաստան, որպեսզի նրան օգնեն ներքին ճգնաժամ հանգուցալուծել։ Եվ դա անում է մի դեպքում, երբ նույնիսկ չի էլ բարեհաճել երկրում արտակարգ դրություն հայտարարել, երբ խորհրդարանում ահաբեկիչները սպանում են երկրի վարչապետին, խորհրդարանի նախագահին, փոխնախագահներին եւ մի-քանի պատգամավորների։ Հարցեր չկա՞ն պարոնայք Վահան Շիրխանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, այդ օրերի ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանին եւ շատ-շատերին, ինչպե՞ս կարող են չլինել։ Եվ ի՞նչպես կարող են չլինել հարցեր, ուղղված այլ անձանց, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվել են այդ օրերի անցուդարձին։
Մարտի 22-ին Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, նախկինում՝ պաշտպանության փոխնախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Նախ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ներկայությամբ նա ասաց, որ բացի Շիրխանյանից, նա եւս ասելու բան ունի քննությանը։ Բացի դրանից, նա ուղղակիորեն շեշտեց գործի վերաբացման անհրաժեշտությունը, քանզի նոր քաղաքական պայմանների բերումով հետաքննության համար բազմաթիվ խոչընդոտներ այլեւս վերացած են, իհարկե, չհաշված այն հարցերը, որոնց վրա կարող է ազդել վաղեմության ժամկետը։ Անդրանիկ Քոչարյանը դարձավ Հայաստանի առաջին պաշտոնյան, որը ուղիղ տեքստով հիշատակեց Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտնի հայտարարությունը, կապված Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, ըստ որի, այն իրականացրել է ռուսական ռազմական հետախուզությունը, եւ հայտարարեց, որ ներկայումս Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել։
Ի դեպ, ինչպես նշվեց այդ նիստի ժամանակ, հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրենը, որն իր խոսքում նշեց, որ Շիրխանյանի նամակի բովանդակությունն ուսումնասիրվում է իր գլխավորած գերատեսչությունում, հրաժարվելով փոխանցել այլ մանրամասներ, ինչը հասկանալի է հատուկ ծառայության պարագայում։
Արթուր Վանեցյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ լրագրողների առաջ, ասելով, որ ոչ հերքում, ոչ հաստատում է Վահան Շիրխանյանի պնդումը, որ ահաբեկիչ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ։ Սա արդեն «ռումբ» է, որը, կրկնենք, պետք է չեզոքացվի, որպեսզի չպայթի մեր պետականության գլխին արդեն երկրորդ անգամ, քսան տարի անց։
Ի վերջո, գաղտնիք չէ, որ առողջացող, առողջ պետությանը հատուկ է ձգտել մաքրվել այն կեղտից, որը նախկինում ապականել է իր հիմքերը, եւ այդ իմաստով Հայաստանը հեծանիվ հորինելու կարիքը չունի։ Նույն ճանապարհով Արեւելյան Գերմանիան ԽՍՀՄ փլուզումից հետո մաքրվեց «Շտազիի» կեղտից, Արեւմտյան Գերմանիան, դրանցից մի քանի տասնամյակ ավելի առաջ՝ մաքրվեց էսէսական, գեստապոյական, նացիստական կեղտից, Լեհաստանը, Կենտրոնական Եվրոպայի այլ երկրները, բռնելով ժողովրդավարական զարգացման ուղին, մաքրվեցին բոլշեւիկյան եւ չեկիստական կեղտից։ Եվ ընդհանրապես, այլ կերպ հնարավոր չէ առաջ շարժվել, քանի արմատախիլ արված չեն պետական ահաբեկչության համակարգն իր բոլոր ենթակառուցվածքներով, իսկ դրա հանցավոր գաղափարախոսությունը դատապարտված չէ իր յուլիուս-շտրայխերներով, իր պրոպագանդիստներով հանդերձ, ովքեր այսօր, արի ու տես, փորձում են ներկայանալ որպես «ազատ խոսքի» ջատագովներ…
Հայաստանը որպես առողջացող պետություն՝ չի՛ կարող պատշաճ վերաբերմունք չցուցաբերել պետական հանցագործությունների մասին այս փաստացի հաղորդմանը, որն անցյալից գալով ուղղակի առնչվում է մեր ազգային անվտանգությանը՝ այսօրվան եւ վաղվան՝ ապագային։ Այս ամենը պետության կողմից նաեւ քաղաքական գնահատական է պահանջում։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.03.2019