ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարել՝ պաշտպանելով գործատուների շահերը: Ըստ գործող օրենսգրքի, եթե աշխատողը, առանց հարգելի պատճառի, ողջ աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի անգամ մեկ օրվա համար հանել նրան աշխատանքից: Բայց հիմա պրակտիկայում դատական գործեր կան, երբ աշխատողը ոչ թե չի ներկայացել աշխատանքի, այլ ֆիզիկապես ներկայացել է, բայց ասել է՝ հրաժարվում ենք մեր պարտականությունները կատարել՝ առանց հիմնավոր պատճառի: Պետրոսյանը առաջարկում է այս դեպքում նույնպես թույլ տալ գործատուին հանել աշխատանքից, երբ աշխատողը չարամտորեն հրաժարվում է իր պարտականությունները կատարել. «Էդքան մեր եւ ձեր վարչապետը խոսում է տնտեսությունը զարգացնելու, հզորացնելու մասին, հնարավոր չէ տնտեսությունը հզորացնել՝ գործատուների իրավաչափ շահերը անտեսելով»«: Գլխադասային հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Կառավարությունը՝ նույնպես՝ պատճառաբանելով, որ Աշխատանքային օրենսգրքում իրենք մեծ փոփոխություններ են նախատեսում եւ դա կներառեն այդ փոփոխությունների ժամանակ:
Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Հերիք չի կառավարությունը փոփոխություն չի նախաձեռնում, մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պո՞չ եք կպցնում: Դա նույնն է, որ մեկը կույրաղիքի ցավով գնա բժշկի, բժիշկն ասի՝ գնա, մի երկու ամիս հետո քեզ գլոբալ ստուգում պիտի անենք,գնա, էն ժամանակ կույրաղիքդ էլ հետը կբուժենք»:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ եթե աշխատողը պարբերաբար չի կատարում իր պարտականությունները, օրենսգրքում արդեն դրույթ կա, որ այդ դեպքում կարող է վաղաժամ լուծել պայմանագիրը, բայց ոչ թե մեկ օր պարտականությունը չկատարելու դեպքում: Գեւորգ Պետրոսյանը հրավիրեց բանավեճի՝ ցանկացած հեռուստաընկերության եթերում:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց, որ ԱԺ-ն քննարկման լավ հարթակ է, պարտավոր չեն հետեւել Պետրոսյանի հրավերներին:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց՝ 41 կողմ, 75 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ